Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Փակ շուկայի շուրջ ծավալված քննարկումներին, հայտարարեց, որ ինքը կողմ է այն քանդելուն: «Ես ուրախացա, որ մարդիկ շուկայի խարխլված հիմքի պայմաններում ներդրում են կատարել և ցանկանում են այդ կառույցը նոր տեսքի բերել»,- ասաց նա և հավելեց, որ դրա շնորհիվ նոր աշխատատեղեր կստեղծվեն:
Անդրադառնալով Փակ շուկան նման տեսքով չշահագործելու` ակտիվիստների պահանջներին` պատգամավորն ասաց, որ ուրախ է, որ մեր երկրում քաղաքացիական հասարակություն է ձևավորվում, սակայն այս դեպքում առկա է պատվիրատուների հետքը. «Մի խումբ ակտիվիստներ ցույց են տալիս, որ ավելի լավ են գլուխ հանում տրանսպորտից, ճարտարապետությունից, շինարարությունից»:
Համակարծիք չէր, սակայն, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա` Փակ շուկայի շուրջ ծավալված զարգացումները վկայում են իշխանության անզորության մասին և այն բանի, որ իշխանությունները չեն տիրապետում իրավիճակին: Անդրադառնալով Փակ շուկայի մոտ հավաքված` Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների, հատկապես` կանանց գործողություններին, իրավապաշտպանը կոչ արեց նրանց չկորցնել հայ կնոջ բնութագիրը և այլևս պատվերներ չկատարել:
Պաշտպանը նաև նշեց, որ մեր երկրում տեղի ունեցող ապօրինություններն այնքան շատ են, որ ինքը չի հասցնում դրանց բոլորի հետքերով գնալ:
Ի դեպ, մինչ ասուլիսի մեկնարկը Լարիսա Ալավերդյանը, տեսնելով բանախոս Սուքիաս Ավետիսյանին, հայտարարեց, որ չի պատրաստվում բանավիճել որևէ անձի հետ, ում հետ գաղափարական ընդհանուր եզրեր չունի: