Ս.թ. օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանը հանդիպել է Հայաստանում ԿԽՄԿ գրասենյակի ղեկավար պարոն Լ. Կարաֆֆիին. հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Պարոն Տոնոյանը տեղեկացրել է, որ հավատարիմ մնալով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին, ցուցաբերելով մարդու իրավունքներին ու մարդասիրական արժեքներին նվիրվածություն, ինչպես նաև հաշվի առնելով Ադրբեջանի նախկին քաղաքացու աներկդիմի որոշումը՝ իրավասու միջազգային կազմակերպության միջոցով վերջինս փոխանցվել է երրորդ երկիր, որտեղ նրան շնորհվել է փախստականի կարգավիճակ:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը խնդրել է ԿԽՄԿ-ին տեղեկացնել փախստականի ծնողներին և հարազատներին, որ նա բարեհաջող կերպով տեղափոխվել է անվտանգ, ապահով, բարեկեցիկ և ժողովրդավար երկիր, որտեղ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Իր երկրում անմարդկային ճնշումների ու խոշտանգումների ենթարկվելու պատճառով Ֆիրուզ Ֆարաջևը 2012թ. հուլիսին փախուստի էր դիմել ու հատել Հայաստանի սահմանը: Հայաստանում գտնվելու ընթացքում միջազգային մարդասիրական կազմակերպությունները բազմիցս անարգել հանդիպել են նրան: Երրորդ երկիր փոխանցելու վերաբերյալ որոշումն ընդունվել է հիմնվելով Ֆարաջևի ազատ կամահայտնության վրա, ուսումնասիրելով փաստական հանգամանքները, ինչպես նաև հստակ պատկերացնելով Ադրբեջանում տիրող բարքերը և ռազմագերիներին սպասվող դաժան ճակատագիրը: