Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Իրանց իրավունքն ա, իրանց միտքը, ես չգիտեմ ինչի համար են հրաժարականի դիմում գրել»: Պռոշյանի գյուղապետ Արթուր Մուրադյանը լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց գյուղապետարանի ամբողջ աշխատակազմի հրաժարականի փաստին: Ուշագրավ է, որ Մուրադյանի աշխատասենյակում լրագրողներին «դիմավորեց» Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արմենուհի Մելիքյանը: Նա պարբերաբար միջամտում էր գյուղապետի եւ լրագրողների զրույցին:
Արթուր Մուրադյանը նախ հայտարարեց, որ աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ միասին աշխատելու պատրաստակամություն է հայտնել: Իսկ թե ինչո՞ւ գյուղապետարանի աշխատողները չեն ցանկանում իր հետ աշխատել, Մուրադյանը չգիտի, չի էլ փորձել հասկանալ` պատճառը որն է: «Երեւի չեն ուզում իմ հետ աշխատեն»,- մի քիչ ավելի անկեղծացավ ՀՀԿ-ական գյուղապետը: Նա կարծում է, որ այս թիմի հեռանալով գյուղը չի տուժի, «գյուղում կան շատ լավ, կրթված երիտասարդներ, ովքեր գործազուրկ են»:
«Իսկ Ձեզ դա մտահոգո՞ւմ է, որ, փաստորեն, մի ամբողջ կոլեկտիվ չի ցանկանում Ձեզ հետ աշխատել»,-հետաքրքրվեցինք գյուղապետից: Ի պատասխան ՀՀԿ-ական գյուղապետ ավելի անկեղծացավ. «Երբեւիցե չի մտահոգում: Չեն ուզում, չեն աշխատում»:
Մեր այն դիտարկմանը, թե իրեն վատ է՞լ չի զգում, որ ամբողջ աշխատակազմն իրեն չի ընդունում, Մուրադյանը պատասխանեց, որ եթե համայնքն ու գյուղը ընտրել են իրեն, վատ զգալու բան չկա:
Նա չհամաձայնեց մեր այն դիտարկմանը, որ բոլորիս էլ հայտնի է, թե ինչ մեթոդներով է ինքն ընտրվել` որ եղել են ճնշումներ եւ ընտրակաշառք: ՀՀԿ-ական գյուղապետը վստահեցրեց. «Ոչ մի նման բան էլ չի եղել, մաքուր, արդար ընտրություններ էին»: Պարզվում է` ընտրությունների ժամանակ, ըստ ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանի, ՀՀԿ-ն չի աջակցել, աջակցել են ՀՀԿ-ի «ընկերական շրջապատով»:
«Լավ, բայց գոնե լավ ե՞ք զգում գյուղապետի պաշտոնում»,- հետաքրքվեցինք նրանից: «Էսի պաշտոն չի, էսի գյուղի համար ծառայություն ա առաջին հերթին»,- նշեց Արթուր Մուրադյանը:
Ուշագրավ է, որ երբ գյուղապետարանի աշխատողների հետ զրուցելուց հետո մի խումբ լրագրողների հետ մեր թղթակիցը կրկին մտավ գյուղապետի աշխատասենյակ` չպարզաբանված հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով, գյուղապետ Արթուր Մուրադյանը պահանջեց, որ մեր թղթակիցը դուրս գա իր աշխատասենյակից` պատճառաբանությամբ, որ արդեն պատասխանել է նրա հարցերին: Երբ ներկա լրագրողները գյուղապետին բացատրեցին լրագրողների իրավունքների եւ գյուղապետի պարտականությունների մասին, նա անակնկալի եկած լռեց: