կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-19 14:03
Քաղաքական

Ես չեմ կորել. Րաֆֆի Հովհաննիսյան

Ես չեմ կորել. Րաֆֆի Հովհաննիսյան

Մինչեւ սեպտեմբերի 21-ը` Հայաստանի անկախության 22-րդ տարելիցը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննսյանի կարծիքով, անհրաժեշտ է անցկացնել համազգային քննարկում, կլոր սեղան, որին կարող է մասնակցել ով ուզում է, քննարկել կործանիչ վիճակից դուրս գալու ուղիները: Այս մասին Հովհաննիսյանը հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա պատրաստ է նստել նույն սեղանի շուրջ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

 

«Եթե չէ, ես սեպտեմբերին հանրային առաջարկություն կանեմ»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

 

Yerkir.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց` ո՞ւր կորավ Մոսկվա կատարած հայտնի այցից հետո, երբ առավել անհասկանալի դարձան իր քայլերը հասարակության լայն շրջանակների համար, եւ հիմա գործնականում ի՞նչ ռեալ քայլեր է պատրաստվում անել:

 

Հովհաննիսյանը նախ ընդգծեց, որ «արժանի է այդ հարցադրմանը», հետո վստահեցրեց, որ ոչինչ Մոսկվայով, ոչ էլ Վաշինգտոնով կամ Լոս Անջելեսով պայմանավորված չէր, ամեն տեղ կատարել է իր քայլերը` որպես ՀՀ քաղաքացի, ո'չ մի այց, ո'չ մի մայրաքաղաք պայմանավորված չէ ՀՀ գործունեությամբ:

 

«Ես գնում եմ տարբեր տեղեր` կարճ այցերով, տարբեր առաքելություներով: Այդպես զուգադիպեց, որ ինձ Մոսկվա հրավիրողները խնդրեցին, որ այցը մնա խորհրդապահական»,- նշեց Հովհաննիսյանը:

 

Նա եւս մեկ անգամ հայտարարեց, որ պայքարը տեւական է, ինքն այսօր էլ շարունակում է պայքարել:

 

«Ապրիլի 9-ին եղան ակնկալիքներ, որոնք չիրականացան, մեկն ուներ ընդհարման ակնկալիք, մեկը` վարչապետ դառնալու, երրորոդը` իր հատուկ վերաբերմունքը: Իմ մեղքը կարող է այն լինել, որ ես այնպիսի վստահության կամ ինքնավստահության մասնակից դարձա, որ ժողովրդի մի մասը կարծեց, որ այդ օրն ինչ-որ աստեղային բան պետք է տեղի ունենար: Երկրորդ` ես ոչ մի տեղ չեմ կորել, բայց, այո, ապրիլի 9-ի արագությունն ինչ-որ տեղ փոխվել է: Երբ համար է, մասնակցում եմ ազատամարտիկների, Վահե Ավետյանի մահվան հետ կապված նախաձեռնություններին»,- հայտարարեց Հովհաննիսյանը, նաեւ հավելեց, որ արդեն եղել է 5 մարզում, այսօր կմեկնի Գյումրի եւ Վանաձոր, վաղը կլինի Արմավիրում եւ Աշտարակում:

 

Նա կարծում է, որ այս աշնանը պետք է համազգային հեղափոխություն տեղի ունենա: