Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրանում է Երեւանի մամուլի ակումբի հիմնադրման 18 տարին, ու ինչպես հումորով նշում է ակումբի տնօրեն Բորիս Նավասարդյանը, դա չափահասության տարիք է, իսկ դրանից հետո արդեն կարելի է նաեւ բանակ գնալ, ամուսնանալ… Խոսքն, իհարկե, նոր համագործակցությունների, նոր գործընկերների հետ աշխատելու մասին է, քանի որ ակումբի անդամները դեռ անելիքներ շատ ունեն:
Հանդիսավոր արարողության ժամանակ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց ակումբի անցած ճանապարհը, ձեռքբերումները:
«Եթե ժողովրդավարական զարգացման մասին տարբեր ռեյտինգներում, զեկույցներում նշվել է երկու հանգամանք, երկու ոլորտ, որոնցում Հայաստանը հասել է հաջողության, ապա առաջինը զրպարտության եւ վիրավորանքի հետ կապված դատական գործերի ավելի պրոֆեսիոնալ եւ ավելի միջազգային ստանդարտներին համապատասխան մոտեցումն է, եւ երկրորդը` վերջին երեք ընտրությունների քիչ թե շատ հավասարակշռված լուսաբանումը: Եվ մենք շատ ուրախ ենք, որ երկու ուղղություններով էլ Երեւանի մամուլի ակումբը, ինչպես նաեւ մեր ամբողջ լրագրողական ընտանիքը, ակտիվ մասնակցություն է ունեցել: Եվ կարող ենք ասել, որ բոլորս որոշակի ներդրում ենք ունեցել, որ այս ոլորտներում ունենանք առաջընթաց»,- նշեց Բորիս Նավասարդյանը:
Հանդիսությունը ուներ նաեւ գործնական մաս` Երեւանի մամուլի ակումբի կողմից ամենամյա մրցանակների հանձնումը: ԵՄԱ-ի հիմնադրման ժամանակ բազմաթիվ լօրագրողներ են ջանք ու եռանդ նվիրաբերել, որ ակումբը ծնվի ու կայանա, եւ այդ հիմնադիրներից շատերը, ցավոք, կյանքից հեռացել են: Ակումբը դեռեւս 2005 թվականից սահմանել եւ ամեն տարի անվանական մրցանակներ է հանձնում գործընկեր լրագրողներին. Ռուբեն Մանգասարյանի, Տիգրան Նաղդալյանի եւ Վալերի Այդինյանի անվամբ անվանական մրցանակներ հանձնվեցին նաեւ այսօր:
Ռուբեն Մանգասարյանի անվան մրցանակը հանձնեց ֆոտոլրագրող Գերման Ավագյանը, իսկ մրցանակը ստացավ Սփյուռքում ծնված, հետագայում Հայաստան մշտական բնակության տեղափոխված ֆոտոլրագրող Սառա Անջարգոլյանը, Տիգրան Նաղդալյանի անվան մրցանակը, որը հանձնեց լրագրող, հրապարակախոս Հարություն Հարությունյանը, ստացավ Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, իսկ Վալերի Այդինյանի անվան մրցանակը, որը հանձնեց Այդինյանի դուստրը, ստացավ «Արմքոմեդի» ստեղծագործական խումբը: Մի մրցանակ էլ, որը դեռ անվանական չէ, ստացավ իրավաբան Արա Ղազարյանը մամուլի զրպարտության եւ վիրավորանքի գործերով դատական պրակտիկայի ոլորտի բարելավման ուղղությամբ ունեցած մեծ ներդրման համար:
Ակումբի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ներկաներին իրենց տարեդարձի ուրախությունը կիսելու եւ մշտական համագործակցություն ցուցաբերելու համար: