կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-22 12:14
Հասարակություն

Ոստիկանապետն ընկել է շոուների հետեւից

Ոստիկանապետն ընկել է շոուների հետեւից

Վերջին շրջանում հաճախ ենք լսում` ճանապարհային ոստիկանությունը շարունակում է հայտնաբերել եւ ՃՈ հատուկ պահպանման տարածք տեղափոխել այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի տղայի կամ հենց նրա կամ որեւէ այլ հարազատի «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաները` այս կամ այն խախտման համար:

 

Այս ամենը, իհարկե, լավ է, բայց եթե շոու չէ: Հիմա բոլորն են շոուի հետեւից ընկել` սկսած երկրի առաջին դեմքերից: Իսկ ինչո՞ւ հետ մնա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

 

Պարզվում է` ոստիկանապետն իսկական պրոֆեսիոնալ շոումեն է: Այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի որդու կամ մեկ այլ ազգակցականի մեքենաները միշտ չէ, որ հենց այնպես են հայտնվում տուգանային հրապարակում:

 

Yerkir.am-ի տեղեկություններով` շատ հաճախ ոստիկանության եւ «գոլդ» համարանիշներով մեքենայի տիրոջ միջեւ հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվում: Բազմաթիվ խախտումների վրա աչք փակելու գինն այն է, որ ժամանակ առ ժամանակ այդ մեքենան մի քանի ժամով` ձեւ համար, հայտնվի տուգանային հրապարակում: Շոուի կարեւոր եւ առանցքային դերն էլ կատարում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Նա պարտադիր լուսանկարում է այդ մեքենաները` ցույց տալու համար, որ ոստիկանապետի համար հավասար են բոլորը, նա կարողանում է բոլորին պատժել:

 

Մի ուշագրավ փաստ եւս` այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի զավակի մեքենան տուգանային հրապարակ տեղափոխելիս ոստիկանները «ախպերավարի» պայմանավորվածություն են ձեռք բերում «գոլդ» համարանիշներով մեկ այլ մեքենայի տիրոջ հետ, որ «ոսկե երիտասարդության» տղաներն իրենց միայնակ չզգան, ֆոտոլրագրողի կադրն էլ սիրուն ստացվի: