Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Աշտարակ քաղաքի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի մի խումբ ուսուցիչներ բաց նամակով դիմել են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին` պահանջով, որ դպրոցի տնօրեն Լիլի Կիրակոսյանն ազատվի աշխատանքից: Ուսուցիչները գրել են, որ դպրոցում անկառավարելի իրավիճակ է ստեղծվել, եւ տնօրենն ուսուցիչներին առանձին-առանձին կանչում է իր առանձնասենյակ ու ստիպում ստորագրել մի գրություն, որը վարկաբեկում է կոլեկտիվի անդամներից մեկին` Լիգիա Մելքումյանին:
«Առաջնորդվում է միայն քինախնդրությամբ, հաճախ է գտնվում անհավասարակշիռ վիճակում, անգամ հարցերը լուծում է ուժի գործադրմամբ` ծեծի է ենթարկել տեխնիկական աշխատողին, փորձել է ապտակել ֆիզկուլտուրայի տղամարդ ուսուցչին` Կարեն Հովհաննիսյանին: Երկու տարի է՝ գրպանում է աշակերտներին փոխադրող տրանսպորտային միջոցին հատկացվող գումարը, իսկ քաղաքի հեռավոր թաղամասերից աշակերտները մի կերպ են հասնում դպրոց` հարուցելով ծնողների ու հենց իրենց վրդովմունքը: Տնօրենը շահարկում է իր` ՀՀԿ անդամ լինելը, սպառնում է, որ ինչ ցանկանա, կարող է անել` դրանով վտանգելով ՀՀԿ-ի հեղինակությունը կոլեկտիվում»,- գրված է նամակում:
Yerkir.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Լիլի Կիրակոսյանը նշեց, որ նամակագիրները կուսակցական միտումներով են անում ամեն ինչ: «Դպրոցի երեք-չորս ուսուցիչներ` մեկի գլխավորությամբ, անհարմար իրավիճակներ են ստեղծում, հերյուրանքներ տարածում: Մարդիկ ճանաչում են ինձ, իմ էությունը եւ իմ բնավորության մեղմությունը, եւ նման անկառավարելի, չափի զգացում չունեցող անձնավորություններին, որոնք կարող է, բարձրացնելով իրենց ձայնը, ուղղակի անտեղի իրավիճակներ ստեղծեն»,- ասաց Կիրակոսյանը:
Տնօրենը հավաստիացնում է, որ ոչ մի ստորագրահավաք էլ չի կազմակերպվում դպրոցում: Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ժամանակին ապտակե՞լ է ուսուցիչներից մեկին` Կարեն Հովհաննիսյանին, Կիրակոսյանը ժխտողական պատասխան տվեց: Ըստ նրա` բողոքող ուսուցիչների նպատակը խառնակչությունն է:
«Երբ ես սկսեցի աշխատել դպրոցում, բարձիթողի վիճակ էր, եւ յուրաքանչյուրն իր համար միապետություն էր ստեղծել, որը ես փորձեցի կանոնակարգել: Ինքնագլուխ, իրենք իրենց տնօրենն էին, ոչ ոք իրավունք չուներ իրենց նկատողություն աներ: Չէին ենթարկվում, հաշվետու չէին, եւ անում էին այն, ինչ ուզում էին: Բնականաբար, եթե նման մարդուն փորձում ես դիտողություն անել, ծանր է տանում, եւ փորձում ուրիշ ձեւով` վատություն անելով արձագանքել: Միանշանակ, ովքեր կարգ ու կանոն չեն սիրում, ընդվզեցին»,- ասում է տնօրենը` հավելելով, որ ինքը չի սիրում հրապարակավ ինչ-որ մեկին փնովել, ինչից էլ «առիթավորվում» են. «Նրանք ամեն մի չնչին բանից ուզում են «Թեժ գիծ» զանգել: Ես քայլեր ձեռնարկում եմ, բայց խնդիրները կուտակվել են: Փորձում եմ ավելի գրագետ ձեւով մոտենալ հարցին, քանի որ նման պահվածքի համար ուղղակի մարդուն կանչել եւ աշխատանքից ազատել չես կարող: Փորձում ենք օրինական ճանապարհով հարցը լուծել»:
Կիրակոսյանը հավաստիացնում է, որ նամակի հեղինակներից մեկը` Լիգիա Մելքումյանը, դպրոցի արհմիության նախագահն է, որը տարիներ շարունակ ինչ-որ գումար է յուրացրել, եւ նրան դուր չի եկել, թե ինչպես է տնօրենը վերահսկողություն իրականացնում: Մելքումյանը, ըստ դպրոցի տնօրենի, բողոքի ալիքը ղեկավարողների «առաջնորդն» է եւ հենց սկզբից կուսակցական պայքար է տարել: Կիրակոսյանը պնդում է, որ Մելքումյանը «Ժառանգություն» կուսակցության անդամ է, եւ երբ Կիրակոսյանը սկսել է աշխատել, Մելքումյանը մտել է նրա առանձնասենյակ եւ ասել` տիկի'ն Կիրակոսյան, գիտե՞ք, որ ես հակառակվել, պայքարել եմ սիրում, ի՞նչ անեմ` ես տենց մարդ եմ: «Եվ իրոք, նա սիրում է հակառակվել, ընդդիմանալ, նա այդպիսին է եւ պահը գտավ` սկանդալ ստեղծելու: Նա կորցնելու ոչինչ չունի, իսկ ես այստեղ իմ եւ դպրոցի պատվի համար առայժմ փորձում եմ լռել եւ հարցին ճիշտ լուծում տալ»,- ասաց տնօրենը:
Նամակի հեղինակներից մյուսն էլ, ըստ տնօրենի, Նելլի Ղոնաղչյանն է, ով տնօրենի դասընկերուհին է եղել: Տնօրենը նշում է, որ քննությունների ժամանակ փորձել է կանխել Ղոնաղչյանի` քննությունների ընթացքին միջամտելու փորձը, սակայն արդյունքում Ղոնաղչյանը «Թեժ գիծ» է զանգահարել. «Նա այն մարդն է, ով դպրոցական հասակում մատյանը գցեց զուգարանը եւ այսօր սերունդ է կրթում»:
Վերջում Կիրակոսյանն ասաց նաեւ, որ պատրաստվում է դիմել ՀՀ ԿԳ նախարարին, քանի որ կարծում էր, թե ԿԳՆ-ն ստուգումներ կանցկացնի եւ իրավիճակը կհարթվի:
Աշտարակի թիվ 5 դպրոցի նախկին, այժմ «Այբ» կրթահամալիրի ուսուցիչ Կարեն Հովհաննիսյանը, ում, ըստ նամակագիրների, ապտակել է Լիլի Կիրակոսյանը, հրաժարվեց հարցի հետ կապված որեւէ մեկնաբանություն տալ:
Լիգիա Մելքումյանն էլ yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը տեղյակ չէ, թե համապատասխանո՞ւմ է իրականությանը այն, որ իր դեմ ուղղված ստորագրահավաք է եղել դպրոցում: «Երեխաները Աշտարակի տարբեր ծայրերից են գալիս դպրոց: Եկեք, ճշտեք, թե ինչո՞վ են գալիս-գնում: 6 ամիս է` տնօրենն ինձ հետ կռիվ է անում, հիմա էլ ստիպում են, թե արհմիությունից դուրս արի, եւ ես արդեն հաշվետու ընտրական ժողովի հայտարարություն եմ գրել-կպցրել դպրոցում»,- ասաց նա:
Մեր դիտարկմանը, թե, դպրոցի տնօրենի հավաստմամբ, կուսակցական կռիվ է Մելքումյանը տանում, նա պատասխանեց. «Այ, ցավդ տանեմ, «Ժառանգությունը» ԱԺ-ում բան չի կարողանում անել, ես ի՞նչ կարող եմ անել դպրոցում»:
Իսկ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ուսուցիչների գրած բաց նամակը ներկայացվել է նախարարին:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ