կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-20 11:43
Քաղաքական

ՎՊ-ն քաղաքական հայտարարություններ անելու իրավունք չունի. վարչապետ

ՎՊ-ն քաղաքական հայտարարություններ անելու իրավունք չունի. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսեց երեք քաղաքական հայտարարություններով, երեքն էլ վերաբերում էին Վերահսկիչ պալատի` ԱԺ ներկայացրած հաշվետվությանը:

 

Առաջին հայտարարությամբ վարչապետն ասաց, որ ինքն անձամբ շահագրգռված է, որ բոլոր Վերահսկիչ պալատի բոլոր բացահայտումներն անհապաղ ներկայացվեն իրավապահ մարմիններին եւ տրվեն պատասխաններ:

 

«Եվ ես ամեն ինչ անելու եմ, որ հրապարակային հնչած մեղադրանքները ստանան պատասխան: Ես ամբողջությամբ կիսում եմ ԱԺ նախագահի տեսակետը, որ պետբյուջեի միջոցները երբեւիցե մսխած պաշտոնատար անձինք պետք է կրեն խիստ պատիժ»,- հայտարարեց վարչապետը:

 

Երկրորդ հայտարարությամբ Տիգրան Սարգսյանը նշեց, որ Վերահսկիչ պալատը խիստ մասնագիտացված կառույց է, եւ ինքը համաձայն է պատգամավորների այն տեսակետին, որ անհրաժեշտ է օրենսդրությամբ հստակ նկարագրել այն ընթացակարգերը, թե ինչպես են ներկայացվում ՎՊ-ի հաշվետվությունները Ազգային ժողովում:

 

«Վերահսկիչ պալատն իրավունք չունի հանդես գալու քաղաքական հայտարարություններով: Վերահսկիչ պալատը պարտավոր է ներկայացնել միայն ու միայն մասնագիտական եզրակացություններ, իսկ քաղաքական գնահատականներ տալը ԱԺ-ի եւ գործադիր իշխանության ֆունկցիաներն են: Մենք ձեզ հետ միասին այս դահլիճում լսեցինք նախարարների հաշվետվությունները ՎՊ-ի կողմից ներկայացված նյութերի վերաբերյալ եւ շնորհակալություն հայտնեցինք ՎՊ-ին համատեղ աշխատանքի համար: Բայց այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում, ոչ մի կապ չուներ այն նյութերի հետ, որոնք գտնվում էին կառավարության ուշադրության կենտրոնում: Եվ այն հայտարարությունը, որ պետական բյուջեի 70 տոկոսը խիստ ռիսկային է եւ կոռումպացված ձեւով է ծախսվում, վերաբերում է այս դահլիճում նստած յուրաքանչյուրիդ»,- ասաց Տիգրան Սարգսյանը` նշելով, որ պետական բյուջեի 70 տոկոս` 700 միլիարդ դրամ, նշանակում է, որ համատարած բոլոր ոլորտներում կա ՎՊ-ի նշած երեւույթը, ինչը չի կարող համապատասխանել իրականությանը:

 

Երրորդ քաղաքական հայտարարությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց կառավարության բոլոր ներկայացուցիչներին, որ որեւիցե մեղադրանք, որ հնչել է նրանց հասցեին, անպատասխան չթողնեն: «Դուք պարտավոր եք պատասխանել այդ մեղադրանքներին` կա’մ հերքել, կա’մ պատրաստել նյութեր եւ այդ նյութերը ներկայացնել դատախազություն: Կա’մ հրապարակային ներկայացնել, որ այդ մեղադրանքները ճիշտ են, եւ դուք դրա համար կրեք պատասխանատվություն»,- նշեց Տիգրան Սարգսյանը: