Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Խորհրդարանում Վերահսկիչ պալատի 2012թ․ տարեկան հաշվետվության քննարկման ավարտին իր եզրափակիչ ելույթում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյան հայտարարեց, որ ՎՊ-ն շատ հստակ ասում է՝ վերահսկողությամբ դեռևս բացահայտվում են հակամրցակցային, ոչ թափանցիկ, ոչ հրապարակային գնման գործընթացներ, բայց դա չի նշանակում, որ այդ երևույթները համատարած են։ ՎՊ նախագահը վստահեցրեց, որ նախարարներից շատերը շահագրգռված են այդ թերությունները վերացնելու ուղղությամբ։
«Ի՞նչ է ասել կառավարությունը, որի հետ ՎՊ-ն համաձայն չէ։ Մենք ասում ենք՝ գնումների համակարգում կան լուրջ խնդիրներ։ Ուրբաթ օրն աշխատանքային հանդիպում եմ ունեցել վարչապետի հետ՝ գնման գործընթացի խնդիրների հետ կապված։ Ես այսօր դեռևս չեմ կարող պնդել, որ ամեն ինչ շտկված է, ամեն ինչ լավ է, բայց չեմ էլ կարող ասել, որ ամեն ինչ շատ վատ է»,- ասաց Զաքարյանը։
Նա նշեց, որ իրենք որևէ խնդիր չեն տեսնում, որ իսկապես ՎՊ գործառույթներն ուժեղացվեն եւ ընդլայնվեն։ ՎՊ-կառավարություն փոխհարաբերությունները, ըստ Զաքարյանի, գործընկերային են: Խնդիրներ դեռևս կան, բայց իրենք երբեք չենք փորձել սևը սպիտակ դարձնել կամ լավը չտեսնել:
ՎՊ նախագահը հիշեցրեց, որ իրենց վերահսկողության ուղղությունները, ինչպես հանձնարարել է ՀՀ նախագահը, երեքն են` շինարարություն, գնումների գործընթաց, սոցիալական ոլորտ։ Իշխան Զաքարյանը պաշտոնապես հայտարարեց, որ դատախազության վերաբերյալ որևէ հայտարարություն չի արել, ինչպես պնդում էր Գագիկ Ջհանգիրյանը։ Նա տեղեկացրեց, որ ՎՊ-ն այս տարիներին դատախազություն է ուղարկել 30 գործ և բոլորի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր։
«Ինչո՞ւ ՎՊ-ն ավելի շատ գործեր չի ուղարկում դատախազություն։ Այո, ընդունում եմ, բայց Վերահսկիչ պալատը կշտկի իր սխալը։ ՎՊ խորհուրդն է որոշում՝ գործն ուղարկե՞լ դատախազություն, թե՞ ոչ։ Մենք այսուհետ ավելի շատ գործեր ենք ուղարկելու դատախազություն, թող որևէ մեկը չկասկածի։ Այո, ժամանակն է արդեն ավելի խիստ մոտեցումներ ցուցաբերելու այն կառույցների, անհատների նկատմամբ, ովքեր սխալ պատկերացում ունեն պետբյուջեի ծախսերի վերաբերյալ»,- հայտարարեց ՎՊ նախագահը: