կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-14 12:10
Հասարակություն

Ինքնասպան է եղել գրող Վրեժ Իսրայելյանը

Ինքնասպան է եղել գրող Վրեժ Իսրայելյանը

Այսօր ինքնասպան է եղել գրող Վրեժ Իսրայելյանը: Տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության լրատվության վարչությունը:

 

Yerkir.am-ի տեղեկություններով` Իսրայելյանը վերջին ժամանակներս վատառողջ էր, և մի քանի օր առաջ  «Նաիրի» բժշկական կենտրոնում հետազոտվելիս պարզվել էր, որ նրա մոտ առկա է արդեն խորացված  քաղցկեղ: Գրողի հարազատները պատրաստվում էին նրան տեղափոխել արտասահման` բուժումը կազմակերպելու նպատակով: Կարելի է ենթադրել, որ Վրեժ Իսրայելյանն այս քայլին է դիմել հարազատներին սպասվելիք դժվարություններից ազատելու համար:

 

Արձակագիր Վրեժ Սաղաթելի Իսրայելյանը ծնվել էր 1949թ ապրիլի 2-ին Երեւանում: 1971-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1971-78-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում` որպես խմբագիր եւ ավագ խմբագիր: 1979-81թթ. աշխատում էր «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում:

 

1982թ. «Սովետական Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչն էր: 1993-99-ին` ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր, 1999-ից եղել է ՊՆ լրատվության եւ քարոզչության վարչության պետ: Վրեժ Իսրայելյանի առաջին պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում: 1978-ին արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Տարվա լավագույն ստեղծագործության համար» մրցանակին: Նրա «Միայն մի անգամ» պատմվածքը տպագրվել է «Դրուժբա նարոդով» ամսագրի 1982-ի հոկտեմբերի համարում: 1986-ի փետրվարին Երեւանի հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա «Չնվաճված աշխարհամաս» պիեսը: Հեղինակել է Արցախյան պատերազմին նվիրված վավերագրական կինոսցենարներ («Մահից առաջ եւ հետո», «Երկրապահը եւ քաղաքականությունը», «Այսպես դարձանք երկրապահ», «Մահապարտներ», «Քայլ», «Առաջին գիծ», «Անդրանիկ» եւ այլն): «Տոնապետ» գրքի համար դարձել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի դափնեկիր:

 

Yerkir.am-ի աշխատակազմը ցավակցում է Վրեժ Իսրայելյանի հարազատներին և գրողների ամբողջ ստեղծագործական ընտանիքին: