կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-13 11:25
Մշակույթ

Հայկական ֆիլմը` Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում

Հայկական ֆիլմը` Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում

 

Ռեժիսոր Մարինե Զաքարյանի` Վիլյամ Սարոյանի համանուն պատմվածքի մոտիվներով նկարահանված «Փասիանի որսորդը» (պրոդյուսեր` Հովհաննես Գալստյան, արտադրող` «Պարալլելս Ֆիլմ») ֆիլմն ընդգրկվել է Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում:

 

Կինոփառատոնն անցկացվելու է հունիսի 20-29-ը: Գլխավոր և կարճամետրաժ ֆիլմերի ժյուրին գլխավորելու է իրանցի հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Մոհսեն Մահմալբաֆը:

 

Փառատոնի գլխավոր մրցույթում «Սուրբ Գեորգի» մրցանակի համար պայքարելու է 16 ֆիլմ: Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում ընտրված ֆիլմերը յոթն են, որոնց թվում է Հայաստանը ներկայացնող «Փասիանի որսորսը» ֆիլմը: Եվս յոթ ֆիլմ մասնակցում է վավերագրական ֆիլմերի մրցույթին:

 

«Փասիանի որսորդը» ռեժիսոր Մարինե Զաքարյանի առաջին ֆիլմն է: Այն նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի դեբյուտային ֆիլմերի աջակցության ծրագրով, նույնիսկ հայաստանյան կինոարտադրության համար` չնչին բյուջեով, սեղմ ժամկետներում և սահմանափակ տեխնիկական միջոցներով: Ֆիլմը աչքի է ընկնում դասական գրողի հանդեպ հոգատարության ու ինքնուրույն մեկնաբանության համադրմամբ, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների համարձակ կիրառմամբ: Ֆիլմի օպերատորն է Միհրան Ստեփանյանը, կոմպոզիտորը` Լիլիթ Նավասարդյանը, հնչյունային ռեժիսորը` Լևոն Նավասարդյանը: Ֆիլմում նկարահանվել են` Սամվել Վարդանյանը (առաջին դերը կինոյում), Անի Գալստյանը, Աշոտ Ադամյանը, Նարինե Գրիգորյանը, Կարեն և Սոս Ջանիբեկյանները: Ապրիլին «Փասիանի որսորդը» ստացել է ազգային կինոյի «ՀԱՅԱԿ» մրցանակը` «Լավագույն դեբյուտ» անվանակարգում: