կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-30 17:40
Հասարակություն

Մաման աշխատի, կակա բերի...

Մաման աշխատի, կակա բերի...

-Էլեն, կուզեի՞ր մանկապարտեզ գնալ:

 

-Հա… Մաման աշխատի, կակա բերի:

 

Սոցիալական ծանր պայմաններում հայտնված 2,5 տարեկան Էլենի եւ նրա մոր` 24-ամյա Միլենա Միրզոյանի միակ երազանքն այս պահին երեխայի` մանկապարտեզ գնալն է: Միլենա Միրզոյանը բնակվում է Չարբախի հանրակացարաններից մեկում` շատ փոքր մեկ սենյականոց եւ առանց կոմունալ հարմարությունների բնակարանում:

 

Միլենայի հայրը, ով 1980-ականների վերջին մասնակցել էր Բաքվի պաշտպանական կռիվներին, անհայտ կորած է համարվում: Այդ օրերին էլ աղջկա ընտանիքը փախստականի կարգավիճակով տեղափոխվեց Հայաստան: Պետությունը նրանց 4 հոգանոց ընտանիքին հատկացրել է 2 փոքր սենյակներով բնակարան: Անհաջող ամուսնությունից հետո Միլենան այժմ ապրում է մենակ` աղջկա հետ:

 

«Մայրս ապրում է քրոջս ընտանիքի հետ` 2 սենյակում, եղբայրս ծառայում է: Ես չեմ կարող իմ երեխայի հետ գնալ` մորս հետ ապրելու, քանի որ տանը տեղ չկա: Ուզում եմ աշխատել, սակայն աղջկաս նայել է պետք: Ամիսներ առաջ գնացի մանկապարտեզ /թիվ 135/, հերթագրվեցի, բայց ասացին, որ պետք է մինչեւ սեպտեմբեր սպասեմ: Ախր, մինչ այդ ապրել է պետք, երեխային կերակրել, տան, կոմունալ վարձերը վճարել»,- ասում է Միլենան:

 

Արդեն ամսվա վերջ է, եւ առաջին հերթին անհրաժեշտ է տան վարձը վճարել /30 000 դրամ/, իսկ Միլենան գումար չունի: Նա նշում է, որ պատրաստ է ցանկացած խանութում աշխատել` վաճառող, հսկիչ, միայն թե իմանա, որ ամսվա վերջում գումար է ստանալու:

 

«Մայրս մանկապարտեզում է աշխատում եւ դրանով էլ մեզ է պահում: Աղջիկս վտիտ է, քանի որ լավ չի սնվում: Ուզում եմ երեխային նորմալ պահել, բայց ո՞նց: Առողջ, աշխատունակ կին եմ, բայց չեմ կարողանում երեխայիս պահել. սրանից էլ վատ բա՞ն»,- ասում է Միլենան` հավելելով, որ ամսական 7000 դրամ նպաստ է ստանում, որով փորձում է հոգալ միայն երեխայի սննդի խնդիրը:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Հ. Գ.  Yerkir.am-ը ճշտեց, որ, իրոք, մինչեւ սեպտեմբեր հնարավոր չէ Էլենին մանկապարտեզ ընդունել, քանի որ տեղ չկա, սակայն դեռ պարզ չէ` արդյո՞ք սեպտեմբերին կհասնի Էլենի հերթը: