կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-29 14:27
Քաղաքական

Մենք լուից ուղտ սարքելու բարդույթ ունենք. Հմայակ Հովհաննիսյան

Մենք լուից ուղտ սարքելու բարդույթ ունենք. Հմայակ Հովհաննիսյան

Մայիսի 28-ին Բիշքեկում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի չմասնակցելն, ըստ քաղաքագետ Լևոն Շիրինյանի, քաղաքական դեմարշ էր: Այն պարզաբանումը, թե նախագահը չէր մեկնել գագաթաժողովին, քանի որ պետք է մասնակցեր մայիսի 28-ի տոնակատարություններին, ըստ քաղաքագետի, ամենևին էլ պատրվակ չէր: Իսկ ընդհանրապես, Շիրինյանի կարծիքով,  Բիշքեկում քննարկվելիք հարցերը Հայաստանին առանձնապես հետաքրքիր չէին:

 

Սակայն նույն կարծիքին չէ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նա համարում է, որ նախագահի քայլն արտառոց չէր: «Հաշվի առնելով, որ այդ օրը Հայաստանում տոն էր, բացի այդ` կարևոր հյուր կար`Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը, նախագահը կարող էր և չմասնակցել այդ գագաթաժողովին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա և հավելեց. «Մենք լուից ուղտ սարքելու բարդույթ ունենք: Մեզնից ոչ ոք չի նեղացել, բայց մենք արդեն մեծ աղմուկ ենք բարձրացրել»:

 

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեսակետերին, թե այդ քայլով Հայաստանը ձեռնոց է նետում Ռուսաստանին` Հովհաննիսյանն ասաց. «Հայաստանը որևէ շահագրգռվածություն չունի` Ռուսաստանին գրգռելու: Սերժ Սարգսյանը պրագմատիկ, խոհեմ ղեկավար է և գիտի, թե ինչ է անում»: