Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պապին ՀԱԿ-ի միտքն է, իսկ միտքը սպանել չի կարելի: Լևոն Զուրաբյանն իրեն կորցրել է: Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն դառնալ: Սա պապիին ու ՀԱԿ-ին ուղղված վերջնագիր էր: Պետք էր այն հնարավորինս հետաձգել: Եվ Զուրաբյանը գնաց, որ հետաձգի:
Թե ինչ ստացվեց դրանից դատեք ինքներդ: Առաջին բանը, որ կարողացավ ասել Զուրաբյանը հետևյալն էր. «Քաղաքական ուժի մասին պետք է դատել ոչ թե հապշտապ, ոտքի վրա արված հայտարարություններով, այլ վերջինի կատարած գործերով»: Եթե փորձենք ստույգ հասցեավորել այս միտքը, ապա կստացվի՝ ԲՀԿ-ի մասին պետք է դատել ոչ թե Գագիկ Ծառուկյանի հապշտապ, ոտքի վրա արած հայտարարություններով, այլ ԲՀԿ-ի կատարած գործերով:
Որ Ծառուկյանը կարող է սրանից զայրանալ, դեռ ոչինչ, բայց կարող է նաև հարց առաջանալ՝ իսկ այդ ի՞նչ գործեր է արել ԲՀԿ-ն, որ դարձել է ընդդիմություն: Զուրաբյանը որոշ փաստարկներ ունի: Ըստ նրա՝ ԲՀԿ-ն իշխող կոալիցիայի անդամ չէ, չի պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում, նրան չի շնորհավորել: Եթե ՀԱԿ-ում տակավին առաջնորդվում են ընդդիմություն լինելու մասին այս չափանիշներով, ապա կարելի է ասել, որ զուգարանների փակումը շատ վատ է անդրադարձել այդ կազմակերպության վրա: Ասում ենք զուգարանների փակումը, որովհետև հենց այդ շրջադարձային դեպքից հետո պապին հղացավ իր հանճարեղ քաղաքագիտական վերլուծությունը, որով էլ, ինչպես մայր կանոնագրով, մինչ օրս (արդեն մեկուկես տարի) առաջնորդվում են կոնգրեսականները: Փաստորեն, չիշիկը կարող է այսպիսի կործանարար դեր խաղալ և ծայրահեղ ընդդիմության գլխավոր շտաբը դարձնել գեղի կլուբ: Ուրիշ էլ որտե՞ղ, եթե ոչ գեղի կլուբում կարող է այսպիսի միտք առաջանալ` քանի որ ԲՀԿ-ն չմտավ կոալիցիա, ուրեմն ընդդիմություն է: Եվ կամ՝ քանի որ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին չի շնորհավորել, ուրեմն ընդդիմություն է: Միայն գեղի կլուբի համակարգողը կարող էր ասել՝ քանի որ նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ուրեմն ընդդիմություն է:
Հետաքրքիր է, թե ո՞ւմ թեկնածությունն է պաշտպանել ԲՀԿ-ն Գյումրիում՝ գուցե էպոսագետի՞: Շատ էլ որ ԲՀԿ-ն ասում է՝ ոչ մեկին չի սատարել: Հետո՞ ինչ: Իսկ ԲՀԿ-ն հայտարարե՞լ է, որ չեղյալ է արել գործող կոալիցիոն հուշագիրը: Զուրաբյանն իրո՞ք այնքան միամիտ է, որ կարծում է, թե սատարում են՝ բացառապես բարձր գոռալով այդ մասին: Թեկնածու չառաջադրելը ԲՀԿ-ի պարագայում սատարել չէ՞ր: ՀԱԿ-ը շունչը պահած սպասում էր Ծառուկյանի առաջադրվելուն: Գեղի կլուբում այդ մասին մոռացե՞լ են: Օ՜ քաղաքականություն, օ՜ բարքեր…
Զուրաբյանը նաև ասում է, որ ԲՀԿ-ն ԱԺ-ում սատարել է ՀԱԿ-ին՝ վերջինիս համար կենսական նշանակություն ունեցող հարցերում: Կարծեմ` Զուրաբյանն անձամբ էր ստորագրություն հավաքում «Հարսնաքարի» դեպքերի հետ կապված լսումներ կազմակերպելու համար: ԲՀԿ-ի 37 պատգամավորից 30-ը թռած էր, չէ՞: Չուրանանք ԲՀԿ-ի նաև լավ քայլերը: Երբեմն-երբեմն դեմ են քվեարկել կառավարության բերած օրենքների նախագծերին, կողմ են եղել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելուն, մասնակցել են ընդդիմության համախմբման ինչ-ինչ ձեռնարկների և այլն: Բայց այդ ամենից որևէ բան ընդդիմությունը շահե՞լ է:
Ամենազավեշտալին, սակայն, Զուրաբյանի սպառնալիքն է այն իմաստով, որ Գագիկ Ծառուկյանն ինչ էլ ասի՝ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը շարունակվելու է, ՀԱԿ-ի հաշվարկները ԲՀԿ-ի հարցում չեն տապալվել: Սա շատ նման է այն իրավիճակին, երբ մեկին դուրս են հրավիրում դռնից, իսկ նա ներս է մտնում պատուհանից: Համագործակցե՞լ եք ուզում, խնդրեմ, համագործակցեք ինչպես և որքան ուզում եք, բայց գոնե մի ասեք, թե ՀԱԿ-ի հաշվարկները ԲՀԿ-ի հարցում չեն տապալվել: Դա, մեր կարծիքով, ԲՀԿ-ի որոշելիքն է՝ ընդունե՞լ իր վրա կառուցած ուրիշի հաշվարկները, թե՞, ի վերջո, վերադառնալ հարազատ տարերք, որ մեզանում ընդունված է համակարգ կոչել:
Այսուհանդերձ, խոստովանենք, պապիի քաղաքագիտական վերլուծությունը լավն էր: Այն տարիուկես կերակրեց ՀԱԿ-ին, ու հիմա ժամանակն է դրանից հրաժարվելու: Օստապ Իբրահիմովիչի աչքերը նույնիսկ խոնավացան, երբ նա բաժանվում էր Կորեյկոյի մասին նյութեր պարունակող թղթապանակից՝ ափսոս, լավ թղթապանակ էր: Բայց տարիուկեսն էլ քիչ ժամանակ չէ, որ ՀԱԿ-ը կարողացավ անցկացնել քաղաքական դաշտում՝ առանց որևէ էական քայլ ձեռնարկելու: Ծառուկյանի վերջին հայտարարությունը կարող է ՀԱԿ-ի համար մի ամբողջ պապի արժենալ: Իսկ դա Զուրաբյանը չի կարող թույլ տալ: Պապին ՀԱԿ-ի միտքն է, իսկ միտքից հրաժարվել չի կարելի:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ