Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը հանդես է եկել այդ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերին ուղղված առաջարկով. «Թող հայտարարեն, որ եթե մտան ավագանի, իրենց ձայները գումարելով իշխանության ձայներին, չեն համագործակցի նրա հետ, որպեսզի պարզ դառնա երեւանցուն, որ թաքուն կերպով իր ձայնը չի տվել իշխանությանը, այլ ընդհակառակը` պետք է միավորվի ընդդիմության հետ ու ավագանի ընտրի»: Այս կոչը, սակայն, փոքր-ինչ ուշացած է թվում:
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն ավարտվում է վաղը: Իշխանությունը, ընտրությունները քաղաքական բովանդակությունից ու նշանակությունից զրկելու մարտավարությամբ ի սկզբանե սահմանեց իր հիմնական նպատակային թիրախը` քաղաքականապես իմաստազրկելով այս ընտրությունները` ընտրողին բերել ընտրատարածք` ավագանիում որակական բացարձակ մեծամասնություն ձեռք բերելու համար, որն անհրաժեշտ է Հանրապետական կուսակցության միահեծան իշխանության ամբողջականությունը պահպանելու համար: Դա նշանակում է, որ ՀՀԿ-ի համար ամենանախընտրելի տարբերակը մոտավորապես ԱԺ-ում առկա ուժերի հարաբերակցությունը Երևանի ավագանիում արտացոլելն է: Սակայն, հաշվի առնելով նախագահական ընտրություններից հետո ի հայտ եկած նոր իրողությունները և քաղաքացիական գիտակցության կայացման ակնհայտ դրսևորումները, իր հեգեմոնությամբ նոր կոալիցիայի ձևավորումը ՀՀԿ-ի համար մնում է որպես պահեստային և բավականաչափ իրատեսական տարբերակ:
Ընդդիմության կամ իրենց այդպիսին հռչակող ուժերի միջավայրում, սակայն, առարկայորեն ընդհանուր նպատակներ ամրագրել չհաջողվեց: Այսինքն` զուտ հռչակագրային մակարդակով այն, իհարկե, կար ու ընդունելի էր բոլորի համար` կանխել իշխանության վերարտադրությունը Երևանի կառավարման համանտեքստում, այսինքն` ՀՀԿ-ին զրկել մեծամասնություն կազմելու իրավունքի ձեռքբերումից: Սա պայմանավորվում էր իշխանության ներսում և կառավարման համակարգում քաղաքական հակակշիռ ստեղծելու անհրաժեշտությամբ, որը ՀՀԿ-ին կզրկեր, այսպես կոչված, «քաղաքական մենաշնորհից»:
Իրականում, սակայն, ընդդիմադիր դաշտում գործող ուժերի մեծ մասը գործեց լրիվ հակառակ տրամաբանությամբ: Թեեւ հիմնական մրցակից հռչակվեց իշխանությունը, սակայն այդ մարտավարությունն իրականում նշանակում էր մրցակցություն «բոլորը բոլորի դեմ» սկզբունքով: Արդյունքում` քարոզարշավի ավարտին ունենք իրավիճակ, երբ շարքային երևանցին դեռևս չի կարողանում մինչև վերջ ըմբռնել` հանուն ինչի են պայքարում ընդդիմադիր կուսակցությունները, որոնք, ըստ էության, ավելի շատ կռիվ էին տալիս իրար դեմ, քան իշխանության, և ինչի՞ կարող են նրանք հասնել այսպիսի պառակտվածությամբ: Նման անորոշությունը պայմանավորված էր հիմնականում մեկ գործոնով` մասնակից ուժերից ոչ մեկը, ըստ էության, բացի ՀՅԴ-ից, չփորձեց հանրությանը հստակեցնել, թե բացարձակ մեծամասնություն չկազմելու պարագայում ի՞նչ կարգավիճակով է իրեն պատկերացնում Երևանի ապագա ավագանիում: Խնդիրն այն է, որ, չնայած որոշ ուժերի չափազանցված հավակնություններին, իրականությունն այն է, որ մասնակից ուժերից և ոչ մեկն իր պոտենցիալով այսօր ավագանիում բացարձակ մեծամասնություն կազմելու հնարավորություն չունի: Անգամ ՀՀԿ-ն, տիրապետելով հանդերձ հսկայական ռեսուրսների, կառավարության ձևավորման հարցը թողել է երևանյան ընտրություններից հետո` հենց այս իրողությունը հաշվի առնելով: Այնքանով, որքանով ընդդիմադիր ուժերը չեն ցանկանում դա խոստովանել, իշխանության նման վարքագիծը թվում է շատ ավելի ազնիվ ընտրողների հանդեպ, քան մաքսիմալիստական ամբիցիաներով տառապող այս ուժերինը: Արդյունքում` ավագանիում հետընտրական դաշինք կազմելու գաղափարն այդպես էլ միս ու արյուն չստացավ և չդարձավ ընդդիմադիր ուժերի քարոզարշավի հիմնական լեյտմոտիվը` չնայած ակնկալիքներին: Այդքանով իսկ, ըստ էության, բաց թողնվեց առհասարակ իշխանության հետ հետագայում համագործակցելու հարցը: Բանն այն է, որ քանի դեռ քաղաքական ուժերը չեն հստակեցրել` ինչ են անելու ընտրություններից հետո, ցանկացած ընտրող իրեն իրավունք է վերապահելու համարել, որ ընդդիմադիր կոչվող ուժերը հիմա իրենց համար կամուրջ են ստեղծում դեպի իշխանության հետ հնարավոր համագործակցությունը:
Այս իմաստով Ռուստամյանի առաջարկը ջրբաժանային նշանակություն ունի: Եթե ընտրություններից առաջ իրենց փաստացի ընդդիմադիր համարող քաղաքական ուժերը` ՀԱԿԿ-ն, «Բարև, Երևան» դաշինքը, ԲՀԿ-ն, չեն ընդառաջում ՀՅԴ-ի այս նախաձեռնությանը, նրանք ուղղակի, թե անուղղակի համոզում են ընտրողներին, որ այս ընտրությունները ոչ մի արժեք չունեն ՀՀԿ-ին հաղթանակի, այսինքն` բացարձակ մեծամասնություն կազմելու հնարավորությունից զրկելու իմաստով, և որ իրենց հռչակած նպատակները կեղծ են: Դրանից հետո նրանք չեն կարող համոզել ընտրողներին, որ յուրատեսակ գործարքի մեջ չեն իշխանության հետ, և որ ընտրություններին չեն մասնակցում հենց հատկապես իշխանական կերակրատաշտին մոտենալու ակնկալիքով: Ակնհայտ է, որ իրեն հարգող որևէ ընտրող չի կարող սեփական քվեն զոհաբերել նման ռևերանսներին, հենց այնպես իր ձայնը նվիրաբերել` անխնա շահագործելու ու ոտնատակ անելու համար: Հանրությունն այս ուժերի առջև վաղուց արդեն հստակ խնդիր էր ձևակերպել` ապացուցել, որ իրական ընդդիմություն են և նահանջելու, դասալքելու, իրենց փաստի առջև կանգնեցնելու հետին նպատակներ չունեն: Արմեն Ռուստամյանը, ըստ էության, հենց այդ պահանջն է բանաձևել: Որևէ պարագայում իշխանության հետ համագործակցության չգնալու մասին հայտարարությունը կարող է ընտրողի համար վստահության որոշակի բազա ստեղծել, թեև բոլորին է հասկանալի, որ Հայաստանի քաղաքական մշակույթում ոչ այնքան նման հրապարակային հայտարարությունները, հետևաբար նաև հանրային պատասխանատվությունն են որոշիչ, որքան կուլիսային, միջխմբակային պայմանավորվածությունները: Այս իմաստով չափազանց խոսուն է փաստը, որ որքան հանրությունը համառորեն է սեփական կարգավիճակի հստակեցման պահանջը դնում ընդդիմադիր ուժերի առջև, այնքան վերջիններս ավելի համառորեն են խուսափում դրանից:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ