Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կամփոփվի Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը։ Երկու ամիս շարունակ փառատոնը երաժշտասերներին մատուցեց 20 կամերային և սիմֆոնիկ համերգներ՝ հետաքրքիր ծրագրերով, անվանի մենակատարներով և բազմաթիվ պրեմիերաներով։
Փառատոնի փակման գալա համերգը այսօր ուղիղ եթերով կհեռարձակի աշխարհի առաջատար դասական երաժշտական ալիքը՝ MEDICI.TV-ին, որի մշտական հետևորդների թիվը հասնում է կես միլիոնի։ Ամբողջ աշխարհը կծանոթանա հայկական կոմպոզիտորական դպրոցին. Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կկատարի Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի Երկրորդ՝ «Զանգերով սիմֆոնիան»։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Yerkir.am-ի հետ զրույցում կարևորեց փառատոնային համերգների ուղիղ հեռարձակումը։ Դիրիժորը նկատեց՝ արդեն չորրորդ տարին է, որ Երիտասարդական նվագախումբն ապահովում է իր համերգների առցանց հեռարձակումը, ինչը շատ պատասխանատու է. ուղիղ հեռարձակումն ամբողջությամբ արտացոլում է նվագախմբի կատարողական վարպետությունը։
Նա նշեց նաև, որ 21-րդ դարում մենք պետք է կարողանանք մրցունակ լինել աշխարհի հետ, իսկ օնլայն տիրույթում համերգների ներկայացումը հենց այդ խնդիրն է լուծում։
«Հայաստանն ունի հարստագույն մշակույթ, հարուստ պատմություն, ներկա, բայց այդ ամենն աշխարհին մատուցելու խնդիր ունենք։ Կարծում եմ, որ Խաչատրյանի փառատոնն իր փոքրիկ չափաբաժնով ներկայացնում է դա, և մենք ունենք արդեն միջազգային հաջողություն»,- ասաց Սմբատյանը։
Ըստ դիրիժորի՝ այն, որ Խաչատրյանի փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո, իր ընկերներին, նվագախմբին ու իրենց մեծ ընտանիքին վստահություն է տալիս։ Սմբատյանի խոսքով՝ մեծ ձեռքբերում է, որ պետությունն ամենաբարձր մակարդակով կարևորում է պրոֆեսիոնալ դասական ակադեմիական երաժշտությունը: