Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գործող քաղաքապետ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր Աջափնյակ վարչական շրջանում էր:
Նախ` բեմ բարձրանալիս գործող քաղաքապետի աչքից չվրիպեց, որ նրան բեմի մոտ սպասում են հիմնականում կանայք: «Էս ո՞ւր են տղամարդիկ»,- կանանցից հետաքրքրվեց նա: «Տղամարդիկ փախել են»,- կատակով արձագանքեցին նրանք:
Ինչպես բոլոր նախկին ելույթներում, այս անգամ եւս Տարոն Մարգարյանն ընդգծեց, որ եկել է պարզ ճակատով, ու թեեւ խոստովանեց, որ մայրաքաղաքում կան բազում չլուծված խնդիրներ, թերություններ, նշեց, որ դրա համար ժամանակ է պետք, իսկ թիմը կարող է լուծել այդ խնդիրները: Ուշագրավ է, որ այս անգամ Տարոն Մարգարյանը հատուկ շեշտ դրեց տրանսպորտի վիճակի վրա, հայտարարեց, որ այն օրակարգային խնդիր է, որն ընդգրկված է ՀՀԿ-ի ծրագրում:
Ելույթով հանդես եկավ նաեւ ճարտարապետ, Երեւանի գործող ավագանու անդամ, ՀՀԿ համամասնական ցուցակի 10-րդ հորիզոնականը զբաղեցնող Լեւոն Իգիթյանը: Նա նախ հայտարարեց, որ մայիսի 5-ի ընտրությունները քաղաքական մրցույթ չեն, եւ որ երբ գործը թողնում, քաղաքականությամբ ես զբաղվում, գործը տուժում է: Իգիթյանն ընդգծեց, որ երբ մարդը բժշկի է դիմում, ապա դիմում է փորձառու բժշկի, որը հիվանդներ է բուժել ու առողջացրել: Ըստ նրա` հիմա այդ դեպքն է, եւ հարկավոր է ընտրել Տարոն Մարգարյանին:
Իգիթյանի ելույթի առանցքային մասը Տարոն Մարգարյանի աշխատասիրության մասին առասպելներն էին: «Այսքան աշխատասեր մարդ ես դեռ չեմ տեսել. գիշերները չի քնում: Գիշերվա 3-ին զանգում ես` տեղում է: Էն հոր տղեն չի, որ վատ աշխատի»,-հայտարարեց Իգիթյանը եւ կրկին վստահեցրեց, որ ձայնը պետք է տալ Տարոն Մարգարյանին, որովհետեւ այս քաղաքի «դիագնոզը» լավ գիտի: