Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ինձ շատ հետաքրքիր է, քաղաքապետը կամ քաղաքապետի մամուլի խոսնակը նախկինում ի՞նչ արձագանք կտային նման երևույթին և ինչպես կբնորոշեին քաղաքային իշխանություններին: Ինչ ասել են՝ կարծես հակառակն են անում: նախկինում նույն քաղաքապետը դեմ էր ամանորյա շռայլ ծախսերին, բայց հիմա դրա տասնապատիկն է անում, դեմ էր տրանսպորտի թանկացմանը, բայց հիմա ինքն է մտադիր թանկացնել»,- Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երթուղայինի դռան տեղահան լինելու դեպքին, ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:
Թեհմինա Վարդանյանը պնդում է, որ դեպքը տեղի է ունեցել քաղաքապետարանի անգործության հետևանքով: Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Yerkir.am-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ, անուղղակիորեն հաստատելով Թ. Վարդանյանի պնդումը, ասաց, որ տրանսպորտի վերահսկողությունն իրականացնում է քաղաքապետարանը.
«Մենք տեղյակ ենք, որ խնդրո առարկա երթուղայինը բավական հնամաշ է, 2005 թվականի արտադրության, և հավանաբար 2020թ. պետք է դուրս գար շահագործումից»:
Հակոբ Կարապետյանը տեղեկացրեց նաև, որ այդ երթուղայինը 2005 թվականի արտադրության է եղել.
«Դռան տեղահան լինելու հանգամանքները համապատասխան քննությունը կպարզի, արդեն սկսվել է հետաքննությունը: Եթե կան մեղավորներ, նրանք անպայման կբացահայտվեն և կպատժվեն: Ուղղակի պետք է ընդունենք, որ ամենօրյա վերահսկողություն լինել չի կարող»:
Թեհմինա Վարդանյանին չեն բավարարում Հ․ Կարապետյանի բացատրությունները, նա գտնում է, որ այսքան ժամանակ քաղաքապետը չի կատարել իր խոստումները, որոնց հետևանքով էլ այսօր վատ վիճակն ավելի վատթար է դարձել.
«Տրանսպորտի հետ կապված՝ քաղաքապետարանի ու կոնկրետ քաղաքապետի մեղքի բաժինն ահռելի է, որովհտև Հայկ Մարությանն իր երդմնակալության արարողությանից հետո, ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց, որ առնվազն երկու տարում քաղաքի տրանսպորտի հարցը լուծվելու է: Դրանից հետո անցել է մեկ տարուց ավելի ժամանակ, բայց որևէ շոշափելի բան չի նկատվում: Մինչ օրս ժամանակ է վատնվել, ոչ ավելին, կառավարությունում նախագիծ է քննարկվում․ քննարկումները չգիտենք, թե երբ կավարտվեն և ինչ արդյունք կունենան»:
Թեհմինա Վարդանյանը հիմա էլ չի հավատում քաղաքապետին, նա Հայկ Մարությանին համարում է ձախողված քաղաքապետ և վստահ է, որ նա ի զորու չէ իր վրա դրված պարտականությունները կատարելու.
«Հիմա էլ քաղաքապետն ասում է, որ 2-3 տարի է անհրաժեշտ: Բայց տրանսպորտն օր-օրի ավելի է վատանում, ի՞նչ է նշանակում, ընթացքի ժամանակ տրոնսպորտի դուռը պոկվի, ընկնի»-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ այսօր՝ կեսօրին, Երևանի երթուղայիններից մեկի դուռը, ընթացքի ժամանակ, պոկվել և ընկել էր:
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ