Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ալեքսանդր Սարգսյանից տուժած քաղաքացին անձամբ իրեն է դիմել` խնդրելով լուծում տալ Սարյանի կտավների հետ կապված հարցին:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում էր ստացել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի` շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկար` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել վերադարձնել նկարները:
Փաշինյանի խոսքով` ինքը ԱԱԾ-ի առջև խնդիր չի դնում, որ խոշոր բացահայտում անեն, պետք է օրինականություն լինի: «Մարդկանց թվում է` մենք կառավարույթյունում ասում ենք` բերման ենթարկեք Ալեքսանդր Սարգսյանին, և գնում են` բերման ենթարկելու: Եղել է քաղաքացի, որ ինձ դիմում է գրել` իր ձեռքից այդ նկարները խլել են: Ես մակագրել եմ ԱԱԾ-ին, նրանք հրավիրել են քաղաքացուն, ով հաղորդում է տվել հանցագործության մասին, և գործին ընթացք է տրվել»,- պարզաբանեց նա:
Փաշինյանը նշեց, որ քննադատում են, ասում են` վայ, ազատ արձակեցին: «Դա պետք է վստահություն ներշնչի, ոչ թե` անվստահություն: Եթե կոնկրետ գործով կան կոնկրետ ապացույցներ, դա իրացվում է, եթե չկան, չի իրացվում: Մարդկանց ձերբակալելն էլ ինքնանպատակ չէ»,- ասաց նա:
Փաշինյանը ևս մեկ անգամ նշեց` տպավորություն չլինի, թե զանգում, ասում է` այսինչին ձերբակալեք, այնինչին ազատ արձակեք: «Բոլոր գործողությունները պետք է լինեն հարյուր տոկոսանոց օրինական: Մենք չենք ասում` ում բերման ենթարկեն, ում ազատ թողնեն, դա օրենքն է ասում: Հնարավոր է` մի մարդու 10 անգամ բերման ենթարկեն ու բաց թողնեն, մի մարդու մեկ անգամ բերման ենթարկեն ու բաց չթողնեն: Դա, օրենքով սահմանված կարգով, քննիչն է որոշում»,- ասաց նա:
Հարցին` հերթը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին կհասնի՞, թե՞ ոչ, վարչապետը պատասխանեց. «Դա ոչ թե ես եմ որոշում, այլ փաստերը, ընթացակարգերն ու օրենքով սահմանված անհրաժեշտությունն է որոշում»:
Նա հավելեց, որ մի բան կարող է երաշխավորել. «ՀՀ-ում «անձեռնմխելի մարդ», բառի լայն իմաստով, չկա, իսկ նրանք, ովքեր օրենքով են անձեռնմխելի, անձեռնմխելիությունից զրկելու եղանակներն էլ են օրենքով մշակված, այդպիսի մի դեպք մենք արդեն տեսել ենք»,- եզրափակեց Փաշինյանը: