կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-05 13:27
Քաղաքական

ԲՀԿ-ն դեռ գնահատական չի տալիս Զոհրաբյանի հետ կատարվածին

ԲՀԿ-ն դեռ գնահատական չի տալիս Զոհրաբյանի հետ կատարվածին

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ վթարի է ենթարկվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ներկայումս ԲՀԿ-ական Զոհրաբ Զոհրաբյանը: Մամուլում արդեն շրջանառվում են լուրեր, թե ավտովթարը կարող էր քաղաքական պատվեր լինել` կապված վերջին շրջանում Զոհրաբ Զոհրաբյանի` ԲՀԿ-ին անդամագրվելու փաստի հետ, եւ որ նա Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ ակտիվություն էր սկսել ցուցաբերել: Նշենք, որ այս վարկածները Զոհրաբ Զոհրաբյանի մամուլի ծառայությունը տարածած հայտարարության մեջ ո'չ հերքել էր, ո'չ հաստատել:

 

Yerkir.am-ը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանից փորձեց պարզել, թե արդյո՞ք Զոհրաբյանի հետ կատարվածում ԲՀԿ-ն եւ, մասնավորապես, կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քաղաքական ենթատեքստ են տեսնում:

 

«Միակ բանը, որ այս պահին մեզ հուզում է` դա մեր կուսակցի արագ ապաքինումն  է, իսկ կատարված պատահարի վերաբերյալ այս պահին գնահատականներ չենք հնչեցնելու, քանի որ իրողության պարզումը բացառապես իրավապահ մարմինների աշխատանքի տիրույթում է»,- նշեց Իվետա Տոնոյանը:

 

Նա նաեւ հայտնեց, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարբերաբար տեղեկացվում է Զոհրաբ Զոհրաբյանի առողջական վիճակի մասին: Ծառուկյանի` Զոհրաբյանին հնարավոր այցելության մասին Իվետա Տոնոյանը դեռ տեղեկություն չուներ: Նա հայտնեց նաեւ, որ Զոհրաբյանն արդեն գիտակցության է եկել, բայց վիճակը ծայրահեղ ծանր է, եւ քանի դեռ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում` այցելել նրան թույլ չի տրվում: