Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա նիստում հերթական անգամ հրաժարվեց ցուցմունք տալ ամբաստանյալ, «Հարսնաքար» ռեստորանի անվտանգության աշխատակից 29-ամյա Գարիկ Մարգարյանը: Այդ իսկ պատճառով դատարանը վճռեց հրապարակել նախաքննական մարմնին վերջինիս տված ցուցմունքը:
Գարիկ Մարգարյանն այդ ժամանակ հայտնել էր, որ 2012-ի հունիսի 17-ի երեկոյան ժ.23-ի սահմաններում ռեստորանի գլխավոր մուտքի մոտ տեսել է 35-40 տարեկան մոտ 5 անձանց, ովքեր հրմշտում և հայհոյում էին միմյանց: Գարիկը հայտնել է, որ, նրանց հետ տեսնելով մատուցող Ալիկին, մոտեցել է քաշքշուկը դադարեցնելու, նրանց հանգստացնելու համար: Իսկ Ալիկից իմացել է, որ ինչ-որ հաճախորդներ հարբած են եղել և սպորտային հագուստով, նրանց ասել են, որ չի թույլատրվում այդ տեսքով ներկայանալ, և վեճ է ծագել:
«Ես բաժանել, հանգստացրել եմ նրանց: Նրանք ինձ չեն քաշքշել, ես էլ` նրանց, այլ փորձել եմ, ջան ու ջիգյար ասելով, համոզել, որ թողնեն գնան, ինչը ինձ հաջողվեց»,- ցուցմունքում հայտնել է Գարիկը և նշել, որ դրանից հետո տղաները (տուժողները) իրենց «Մերսեդես» մակնիշի մեքենայով հեռացել են ռեստորանի տարածքից: Ինքն էլ հետո, պատահական տաքսի նստելով, գնացել է տուն: «Ես մարդ չեմ ծեծել, ոչ մեկին չեմ վնասել»,- ասել է Գարիկը:
Քննիչների հարցին, թե ինչպե՞ս են առաջացել նրա աջ կոպի, պարանոցի, կրծքավանդակի հետին մակերեսի, դաստակի քերծվածքները, ինչը հաստատվել էր նաև դատաբժշկական փորձաքննության արդյունքում, Գարիկը պատասխանել է, որ մինչ ձերբակալվելը զբաղվել է ըմբշամարտի պարապմունքներով, ինչի հետևանքով էլ ստացել է վնասվածքները:
Հարցաքննության ընթացքում հարցին, թե` ինքը որևէ հրահանգ ստացե՞լ է ինչ-որ մեկի կողմից, կամ Ռուբեն Հայրապետյանը ներկա եղե՞լ է վեճին, թե՞ ոչ, Գարիկը հրաժարվել է պատասխանել:
Սակայն այսօրվա նիստին Գարիկը հայտնեց, որ Ռուբեն Հայրապետյանն այնտեղ չի եղել, ինքը նրան չի տեսել:
Տուժողների հետ առերեսման ժամանակ, երբ նրանք պնդել են, որ Գարիկը ոտքերով և ձեռքերով հարվածել է իրենց, ամբաստանյալը հայտնել է, որ նման բան չկա, ինքը կռվին չի մասնակցել, ոչ մեկին չի ծեծել: Տուժողներից Արկադի Աղաջանյանի հետ առերեսման ժամանակ Գարիկի հարցին, թե` արդյո՞ք նա և իր ընկերներն այդ օրը խմած են եղել, Արկադին պատասխանել է. «Ո'չ, մենք եկել էինք խմելու»: