Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամում ժողովի հավաքված մի խումբ արևմտյան դեսպաններ հանդես եկան, այսպես կոչված, հայտարարություններով, որոնք, արժանի են ոչ միայն ուշադրության, այլև ՀՀ իշխանությունների կողմից ամենակոշտ պատասխանի: Թե' ՀՀ նախագահը, թե' ՀՀ ԱԳՆ-ն, սակայն, առայժմ լռում են, ինչը չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան համաձայնություն՝ դեսպանների հայտարարություններին:
Մինչդեռ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ուղղակի ասել է. «ՙԱզգային անվտանգության ծառայության կողմից քննության ենթարկվող ծրագրերից երեքը ամերիկյան ծրագրեր են: Դրանք իրականացվել են ճիշտ ժամանակին, մենք հարցեր չունենք, թե ինչպես են ամերիկյան հարկատուների գումարներն իրացվել: Մենք տուժողներ չենք տեսնում, ոչ ոք որևէ բողոք չի հայտնել: Մենք համոզված ենք, որ այստեղ հետաքննելու ոչինչ չկա ԱԱԾ-ի և որևէ այլ կառույցի կողմից»:
Հարցի հետ կապված իր մտահոգությունն է հայտնել նաև Գերմանիայի դեսպանը. «Ներկայացվող մեղադրանքները պետք է իրական հիմք ունենան, այսօր ես իրական հիմքերի մասին տեղյակ չեմ: Գուցե փնտրում են, որ մի բան ի հայտ կգա: ԱԱԾ-ն, իմ պատկերացմամբ, ուրույն կազմակերպություն է: Գերմանիայում դատախազությունն ու ոստիկանությունն են նման հարցերով զբաղվում, փորձում են հիմքեր գտնել, և ամեն ինչ գնում է դատարան: Չեմ հասկանում, թե սա ինչ հիմքերով է: Նմանատիպ դեպքերում վնաս է հասցվում այն դրական իմիջին, որ երկիրը կայացնում է բոլոր քաղաքական զարգացումների, ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացի առումով: Մենք ուրախ ենք այս զարգացումներից, կուզենք, որ տրամաբանական ավարտին հասցվեն, բայց նմանատիպ գործընթացները վնասում են երկրի իմիջին»:
Օտարերկրյա դիվանագետների այս հայտարարություններն, ըստ էության, նոր բաներ չեն և կարելի է ասել՝ նրանք հեծանիվ չեն հորինել: Այս ամենը ՀՀ իշխանություններին քանիցս ասվել է դեռ այն ժամանակ, երբ խնդիրը քննարկվում էր ԱԺ-ում և դրված էր Վարդան Օսկանյանին առնձեռնմխելիությունից զրկելու հարցը: Թե' անձամբ Վարդան Օսկանյանը և թե' հարակից մի շարք ելույթ ունեցողներ նշեցին, որ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական հետապնդում «Սիվիլիթաս» հիմնադրամի ղեկավարի նկատմամբ: Այսօր այդ ամենը ասվում է արդեն արևմտյան որոշ տերությունների հայաստանյան ներկայացուցիչների կողմից, բայց, ինչպես տեսնում ենք, ոչ' ԱԺ անորակ մեծամասնությունը և ո'չ էլ իշխանությունները չեն փորձում որևէ կերպ պատասխանել և ցուցաբերել նույն ժրաջանությունը, ինչ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելիս: Կարելի է, թերևս, դեսպաններին առնվազն հրավիրել դատախազություն, որ Աղվան Հովսեփյանը նրանց էլ բացատրի, թե ինչն ինչոց է, բայց, մեր համոզմամբ, ճիշտն այս դեպքում դեսպաններին նույն կազմով նախագահական կանչելն ու պորտները տեղը դնելն է: Միջազգային սկանդալներ ծագում են նույնիսկ ամենասովորական ծաղրանկարների պատճառով: Իսկ այն, ինչ իրենց թույլ են տվել ԱՄՆ-ի և Գերմանիայի՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանները պարզապես սկանդալ է ինքն իրենով:
Իշխանություններն ունեն նաև երկրորդ ճանապարը: Խոստովանում են, որ իրենք սխալվել են, նույն ջանադրությամբ վերականգնում են Օսկանյանի անձեռնմխելիությունը և հրապարակավ ներողություն խնդրում պատճառած անհարմարությունների համար: Մարդս սխալական է, ինչպես ասում են: Բայց այս ճանապարհն էլ քաջություն է պահանջում, եթե հաշվի առնենք, որ առաջիկա մայիսին Երևանի ավագանու ընտրություններն են, իսկ ԲՀԿ ավագանու ցուցակը գլխավորում է հենց Վարդան Օսկանյանը: Այս պահին ներողություն խնդրել նրանից, նշանակում է մեծ «ֆորա» տալ ԲՀԿ-ին և անխուսափելիորեն զիջել Երևանի քաղաքապետի աթոռը:
Մեր կարծիքով՝ դեսպանների հայտարարությունները հնչել են նաև ՀՀ իշխանությունների համար շատ վատ պահի, և տպավորությունն այնպիսին է, որ նրանք ուղղակի երկրորդ ճակատն են բացել: Րաֆֆի Հովհաննիսյանի հետ խնդիրները դեռ չլուծած՝ Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի համապատասխան ուշադրության արժանացնել նաև «Սիվիլիթասի» թնջուկը, ինչն այլևս դադարում է լոկալ, ինչ-որ չափով սառեցված թնջուկ լինել: Կասկածից վեր է, որ ՀՀԿ ԳՄ նիստը կանդրադառնա այս հարցին: Մեր կարծիքով՝ քայլեր ձեռք կառնվեն առնվազն Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ճակատը փակելու ուղղությամբ: Չի բացառվում, որ գործողության մեջ դրվի նաև ԵԺԿ-ի դրոշի տակ ՀՀԿ-ի, «Ժառանգության» և ՕԵԿ-ի խաղաղ համագործակցության մի ծրագիր, ինչը կենթադրի որևէ ձևով Րաֆֆի Հովհաննիսյանի որոշ պահանջների բավարարում: Փոխարենը իշխանության ձեռքերը կազատվեն լրջորեն զբաղվելու «Սիվիլիթասի» գործով, որտեղ ևս նրանից զոհողություններ ու զիջումներ կպահանջվեն:
Եվ ահա այսպես, շատ քաղաքավարի ձևով ՀՀ իշխանություններին ստիպում են, Գալուստ Սահակյանի ասած, յորղանով մեկ ոտքը մեկնել: Իսկ մերոնց յորղանն, ինչքան ասես, կարճացնելու տեղ ունի, միայն թե կարճացնողը լինի:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հ.Գ. Ի դեպ, ինչո՞ւ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի աչքի առաջ չթափահարել ԱՄՆ նախագահ Օբամայի հիացական շնորհավորանքը, որ նա հղել է ՀՀ նախագահին՝ վերջինիս կազմակերպած աննախադեպ մաքուր ընտրությունների և այդ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Գուցե դա՞ տպավորություն գործի: Չգիտեմ: