Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ես քաղաքական գործիչ չեմ, վերլուծաբան չեմ, եւ ինձ համար դժվար է քաղաքական վերլուծություններ անել: Դա պետք է թողնել վերլուծաբաններին, պրոֆեսիոնալներին, քաղաքական գործիչներին: Եվ ամենացավալին այն է, երբ արվեստի գործիչը սկսում է քաղաքականությամբ զբաղվել: Բայց այսօր պետք է սրտի խոսք ասեմ»,- այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ մասնակիցներին դիմեց անվանի դերասան Վարդան Պետրոսյանը:
Նա նշեց, որ ինքն էլ, շատերի պես, չի կարծել, որ այսպիսի շարժում կձեւավորվի, սակայն տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր բան. «Մեր ժողովուրդը նորից ոտքի կանգնեց: Հայացք նետեց դեպի պատմական անցյալը, դեպի արմատները: Վախի մթնոլորտում, ապատիայի, անպաշտպանության մթնոլորտում լուռ գնաց եւ իր խղճի ձայնը տվեց նրան, ում ուզում էր: Տեղի ունեցավ ամենամեծ հաղթանակը: Սա է իսկական հաղթանակի սկիզբը, որովհետեւ հաղթանակը տեղի է ունենում մարդու հոգում, սրտում, հոգում, գլխի մեջ»:
Նա նշեց, որ պատահական չէ, որ այդ հաղթանակը տեղի ունեցավ հենց Ղարաբաղյան շարժման 25-ամյակին:
«Առաջին հերթին` հիացած եւ զարմացած են հայերը` մեր եղբայրները: Այս հաղթանակը իսկապես զարմացրել է բոլորին, եւ սա անսպասելի էր իշխանությունների համար, որոնք ինքնավստահ էին, դրսի հայերի, օտար` մեծ ու փոքր երկրների»,- ասաց Վարդան Պետրոսյանը:
Դիմելով հանրահավաքի մասնակիցներին` նա ասաց, թե Ազատության հրապարակում հազարավոր մարդիկ կան, ում զավակները աշխատում են օտար երկրներում, ու մարդիկ հավաքվել են հույսով, պահանջով եւ ասում են, որ ուզում են նորմալ երկիր, որտեղ կարելի է նորմալ աշխատել: Դերասանը չմոռացավ շեշտել, որ այս օրերին թափ առած շարժումը ինքնաբուխ շարժում է, որն ընթանում է բարեկամական ճանապարհով, ինչն էլ զարմացնում բոլորին:
Առաջին լուրջ քայլը կատարված է, նշեց Վարդան Պետրոսյանը եւ ավելացրեց, որ վաղը կհաղթի նա, ով այսօր ու հենց հիմա կհաղթի մեկ հոգու:
«Ուրեմն գլուխդ բարձր` հա’յ ժողովուրդ: Եվ դու մի’շտ հիշիր, որ դու բարձր մշակութային ու պատմական արժանիքներ ունեցող հին ժողովուրդ ես, ով դարեր շարունակ կոտորվել, հալածվել է, բայց երբեք չի ջարդվել»,- իր ելույթը եզրափակեց դերասանը` եւս մեկ անգամ «հաղթանակ» վանկարկելով: