Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մամուլն արդեն երկար ժամանակ է` գրում է, որ գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանի դահլիճային հանդիպումներին մասնակցում են ցուցակագրված մարդիկ, եւ որ Սերժ Սարգսյանին ուղղվելիք հարցերն էլ նախապես պատրաստված են լինում: Այսօր Երեւանի Նոր Նորք վարչական համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ այդ հարցին:
«Մեր բարին չցանկացողները փորձում են ամեն կերպ վատաբանել այսպիսի հանդիպումները: Փորձում են փաստարկներ բերել, եւ մի տեսակ տարօրինակ է, բայց մեզ մեղադրում են նրանում, որ այսպիսի հանդիպումների ժամանակ դահլիճ ենք հրավիրում մեզ համար ցանկալի մարդկանց: Մենք գիտենք, թե ում ենք հրավիրում, դրանում մեզ մեղադրում են, բա ի՞նչ անենք: Երբ հանրահավաք ենք անում, մեզ մեղադրում են, ասում են` դպրոցի տնօրենները երեխաներին են բերում, ցուրտ է, անհարմար պայմաններ են: Երբ դահլիճային հանդիպումներ ենք անցկացնում, ասում են` իրենց մարդկանց են բերում, իրենց համակիրներին, ցուցակով են ներս թողնում, բա ի՞նչ անենք: Հայտարարենք` դահլիճում հանդիպում է լինելու, բա որ հանկարծ հանդիպմանը, չգիտեմ, մեկ էլ 1500 հոգի որոշեցին գալ, բա ի՞նչ ենք անելու»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով հարցին, որ բնակիչների կողմից իրեն տրվող հարցերը փոխհամաձայնության արդյունք են, նախագահը նշեց. «Փորձում են ասել, որ իբր նախօրոք մենք պայմանավորվում ենք, թե ինչ հարց են մեզ տալու: Փաստարկ են բերում, բայց ասում են կմկմալով են հարցերը տալիս: Դե լավ, որքանո՞վ է դա տրամաբանական, մի՞թե եթե մենք այսպիսի գործունեությամբ ենք զբաղվում մի ամբողջ շրջանում չե՞նք կարողանում մի մարդ գտնել, որը կարողանում է առանց կմկմալու հարցերը տալ: Բայց բնական է, չէ՞, որ մեր հանդիպումների ժամանակ լինում են մարդիկ, ովքեր չունեն համապատասխան կրթություն: Է, հետո՞, նրանք մեր քաղաքացիները չե՞ն, իրավունք չունե՞ն հարցեր տալու»:
Նախագահն անդրադարձավ նաեւ նախագահի թեկնածուներից մեկի այն մեղադրանքին, որ բեմ բարձրանալիս Սերժ Սարգսյանն ուրիշի գրած տեքստերն է կարդում:
«Կարծես թե նոր Ամերիկա է հայտնագործել մարդը, եւ նա չի հասկանում, որ լսարան հարգող ցանկացած մարդ ունի թիմ, եւ այդ ելույթների վրա թիմն է աշխատում, բա ո՞վ պետք է աշխատի: Ենթադրենք, ես այսօր չորս-հինգ ելույթ ունեմ, եթե ես ինքս իմ ելույթները պետք է սկսեմ միայն գրել, էդ երբ կհասցնե՞մ այդ ելույթները գրել, հետո այդ ելույթներով հանդես գալ», - նշեց Սերժ Սարգսյանը եւ վստահեցրեց, որ ցանկացած միջին մակարդակի մարդ կարող է ժամերով խոսել առանց թղթի, «բայց թուղթ ունենալը հարգանք է լսարանի նկատմամբ, հարգանք է սեփական ժողովրդի նկատմամբ, թուղթ ունենալը նշանակում է, որ մտածված ես ելույթ ունենում»:
Նախագահը հայտարարեց, որ բոլոր երկրներում է այդպես, որ իրենց ելույթները նախագահներն անձամբ չեն գրում:
Ուշագրավ է, որ թեեւ Սերժ Սարգսյանը չհերքեց, որ իր հանդիպումներին «ընտրյալներ» են գալիս, ցուցակագրում են, բայց ՀՀԿ-ական որոշ գործիչներ եւ ՀՀԿ թեկնածուի նախընտրական շտաբն արդեն վաղուց հերքել էր, որ նման բան կա: