Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին հանդիպում է ունեցել առողջապահության համակարգի աշխատողների հետ եւ քննարկել ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր, առկա հիմնախնդիրները եւ նրանց լուծման հեռանկարները:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, համակարգի պատասխանատու աշխատողներ:
Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախը միշտ հայտնի է եղել իր որակյալ բժշկական կադրերով, որոնք ճանաչված էին նրա սահմաններից դուրս, ինչը հուսալի հիմքեր է ստեղծում ձեւավորված ավանդույթների պահպանման եւ ոլորտի զարգացմանը նոր որակ հաղորդելու համար:
Առողջապահության ոլորտը որակելով որպես մեր հանրապետության ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրամասերից մեկը՝ Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել առողջապահության զարգացման հայեցակարգ, որի հիմքում պետք է ընկած լինի բնակչության լայն խավերի համար բուժօգնության մատչելիության, որակի եւ արդյունավետության բարձրացման` սկսած առաջնային բուժօգնության ցուցաբերումից մինչեւ մասնագիտացված բուժման ավարտը, նյութական ու ֆինանսական միջոցների եւ կադրերի ճիշտ տեղաբաշխման հետ կապված խնդիրները:
Բակո Սահակյանի խոսքով` վերջին տարիներին պետության կողմից առողջապահության բնագավառում իրականացվել է լուրջ աշխատանք` ուղղված ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցների աճի ապահովմանը, առողջապահական հիմնարկների շենքային պայմանների բարելավմանը, աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը: Հատուկ ուշադրություն է դարձվել շրջաններում առողջապահության համաչափ զարգացմանը:
Այս ամենի հետ մեկտեղ Նախագահը նշել է, որ դեռեւս չլուծված են մնացել մի շարք կարեւորագույն խնդիրներ` կապված համապատասխան բարեփոխումների իրականացման, ոլորտի զարգացման հեռանկարների կանխանշման, կադրերի ընտրության ու ճիշտ տեղաբաշխման հետ:
Նախագահ Սահակյանը բժշկական սպասարկման որակի հետեւողական բարձրացման հետ մեկտեղ կարեւորել է նաեւ առողջ ապրելակերպի քարոզումը, ինչը հնարավորություն կտա որակապես նոր մակարդակի հասցնել քաղաքացիների առողջության պահպանումը եւ կանխել բազմաթիվ հիվանդություններ: Այս համատեքստում երկրի ղեկավարը հատուկ ընդգծել է սերտ համագործակցության անհրաժեշտությունը համապատասխան կառույցների հետ եւ որպես սկզբնական օղակ նախադպրոցական ու դպրոցական հասատատությունների ընդգրկումը՝ հավելելով, որ այստեղ գերնպատակ է հանդիսանում առողջ բնակչություն ունենալը եւ ազգային գենոֆոնդի պահպանումը:
Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: