կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-29 11:15
Առանց Կատեգորիա

Մահացել է Վաչե Եփրեմյանը

Մահացել է Վաչե Եփրեմյանը

Մահացել է  գրող, գրականագետ, բանասիրության դոկտոր Վաչե Եփրեմյանը: Եփրեմյանն այն գրողներից էր, ով իր ուրույն տեղը թողեց եւ իր ձեռագրով նոր էջ բացեց հայ գրականության մեջ:

 

Yerkir.am-ը ցավակցում է Եփրեմյանի ընտանիքին, հարազատներին եւ ընկերներին' կիսելով նրանց վիշտը:  

                                ***

ԼԻՆՈւՄ ԵՆ ՕՐԵՐ, ԵՐԲ ՔԱՂԱՔԸ ՆՄԱՆՎՈւՄ Է ԱՐՅՈՒՆՈՏ ԶԱՄԲՅՈՒՂԻ

Անվերջ անձրեւների եւ երաժշտության քաղաքում
Մարդիկ փողոցներ են նկարում տանիքներին կպած'
մեռած երեխաների խոստումներով (երբեք չենք արթնանա)
եւ ծաղիկների կաթով:

Ամեն օր անձրեւը մեռնում է քաղաքից լքված շքամուտքում,
եւ աղմուկի պատից այն կողմ, ցուցափեղկերի ետեւում
կարմիր հեծյալները վիրահատում են երկինքը'
իբր միայն խոտն է կորցնում մահվան տարածությունը:

Երբեք մի՛ նետվիր չնախատեսված բառերի գիրկը,
քանի որ ստվերների ընդմիջումից
ցանկապատի աչքերում սարսափի կաթիլներ են աճում,
որոնք թաքցնում են թռիչքի վայրը:

Հեռացի՛ր ուրիշ բնակավայր'
խոտի հայացքում եւ թվերի փախուստի մեջ փնտրելու
օտարացումը քարե ծաղիկներից
եւ ապրելու օրը պարտված բառերի կենսագրության մեջ:

                     ***

ԵԹԵ ՎԵՐՋՆ ԱՐԱՐՎԻ ԵՐԵՒԵԼԻ ՎԿԱՆԵՐԻ ԱՆԳԻՏՈՒԹՅԱՄԲ'
ԵՐԿՈՒ ՎԿԱՆԵՐԸ ԱՆՎԱՐԱՆ - ԵՐԵՍՈՒՆ ՎԱՅՐԿՅԱՆ ԱՆՑ ԵԴԵՄԱՎԱՐՔ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՆ ԱՅՆՏԵՂ

Առաջին փախուստ-առաջին վտարում: Մնայինք պարտեզում' սիրո բույրը չէր սլանա Արեւելքից Արեւմուտք' իբրեւ քամի ու խորշակ, սիրո ձեւը չէր թափառի Մարմնի Քարտեզն ի վար-Քարտեզն ի վեր' առասպելի արքա, պատմության ասպետ, քաղաքակրթության խեղկատակ...առաջին ավարա:

Քե՞զ խաբեցին, թե՞ դու մոլորեցրիր մեզ-այլեւս գրոշ չարժե, այլեւս շվարած կանք ճանապարհի սկզբին-ստիպված անմահության համահեղինակ ձեւանալով: Ուրիշ բանի պիտանի չենք արդեն:
Փախուստի տրվածն ենք ու վտարանդի: Վերադարձի արահետները չեն նշմարվելու երբեք, ուրեմն' առա՜ջ դեպի Անդունդ-միակ տեսանելի բանը:

Սե՞րն է կործանում, թե՞ կործանումն է սեր: Եսի՜մ... մենք խելահեղ սիրում ենք ամեն անգամվա Միակ Սիրուն, եւ Միակ Սերն է Միակ Ճանապարհը չգիտեմ ուր տանող...

Եւ ահա երկնքից աստղեր են իջնում ուսերիս, եւ ահա Մարմնի Քարտեզագծերը խմբվելով կազմում են լաբիրինթոս, որի մեջ անհետ կորչելը բացառիկ երանություն է: Փայլփլուն Զատիկ կլինեմ... Ճանապարհիդ մասին եմ խոսում, Երկիր իմ:

Աստղերից սկիզբ առնող Գետը Հայացքի մեջ է վերուվար անում-Ջրասույզ Զանգ կլինեմ... Երկնքիդ մասին եմ խոսում, Երկիր իմ:

Բոլո՞ր գուշակություններն են իրականացել, եգիպտական ավազահատիկներով բոլո՞ր առեղծվածներն են զմռսվել, Կլեոպատրայի քթիկը իրո՞ք սիրուն էր-Անտես ու Անցավ Բանալի կլինեմ երկփեղկ դռան դիմաց... Տան մասին եմ խոսում, Երկիր իմ:

Ինչպե՞ս դեմքս որոնեմ Ջրի մեջ, եթե սուզվողը ես եմ: Իմ դեմքը-ամեն երեսուն վայրկյանն անց-ճանաչում եմ ձայնիդ մեջ' Ես արձագանքն եմ քո Ձայնի...թրատված Խոտերիդ մասին եմ խոսում , Երկիր իմ:

Ամեն երեսուն վայրկյանն անց տեսնում եմ' ինչպես են ողորկ սյուները բարձրացնում վառվռուն Ծիրանազարդը' լուսապսակված երկու կիսագմբեթներով: Պատեպատ խփվող սլացիկ ու թրթռուն Մոմ կլինեմ եւ լույսի Հեղուկը կվառեմ մթին խորանում: Տաճարիդ մասին եմ խոսում, Երկիր իմ...

Եթե վերջն արարվի երեւելի վկաների անգիտությամբ' երկու Վկաները անվարան-երեսուն վայրկյան անց եդեմավարք Վերադառնալու են Այնտեղ: Մագաղաթ կլինեմ, որ այս Գիրը կրկնագրես ինձ վրա: Լռությանդ մասին եմ խոսում, Երկիր իմ...

                         ***

ՓԱԿ ԴՌԱՆ ԵՏԵՒՈւՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԲԱՆ ՉԼԻՆԻ,
ԻՍԿ ԿԻՍԱԲԱՑ ԴՌԱՆ ԱՐԱՆՔԻՑ
ԳՈՆԵ ԼՈւՅՍ Է ՆՇՄԱՐՎՈւՄ

Ի՞նչ է ուզում բառը, որ հետեւում է քեզ՝ իբրեւ ճակատագիր,
ու՞ր է տանում ճանապարհը՝ այսքան խարխուլ,
դու այնպես էլ չես գտնելու սկիզբը առավոտի, վերջը կեսօրվա
- մարմինդ հանձնիր իրիկնային քամուն՝
նա կհիշեցնի անփույթ խոստումներդ,
որոնք հեռու էին արցունքներից եւ ցավից:

Բացիր դռները գիշերվա.
դու կտեսնես մի ծառ՝ միայնակ ու թախծոտ,
հիշիր նրան՝ իր ճյուղերի տակ կլուսավորի քո հայացքը,
եւ իրերը ձեռք կբերեն նոր անուններ:
Բացիր դռները գիշերվա
եւ կտեսնես մի աշուն,
որ թավալվում է ներկա լինելու ձգտման մեջ.
Այստեղ ցավից գեղեցկությունը չի ծաղկում...

Սա՞ է վայրը երազանքների...
բայց ու՞ր են աչքերը՝ քեզ հսկող,
ու՞ր են ձեռքերը՝ քեզ ուղեկցող,
թփերի մեջ զբոսնում է ձայնը,
որ քոնն էր եւ այժմ հեռու է քեզնից:

Օ˜, կործանված սերեր, բոլորն էլ անուն են ունեցել,
Օ˜, կործանված առավոտներ, օ˜, կործանված կեսօրներ,
Ինչու՞ ցավից գեղեցկությունն այլեւս չի ծաղկում...

Ուրեմն՝ թաքցրու քեզ խոտերի մեջ, քարերի տակ, ձայնի ետեւում,
հմայում է այն բառը, որը չի երեւում,
հաճելի է այն վիճակը, որը դեռ չի բացահայտվել...

Միայն վերջին բառը պահիր քեզ,
վերջին բառը՝ դաժան ու վրեժխնդիր:

 

ԵՐԿՆՔԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՉՔԵՐ

Մի փետուր ընկավ
ափերիս մեջ.-
Կվերադառնաս գարնան սկզբներին'
Կամ Վարդի տեսքով,
Կամ Թռչնի նման...

                    ***

ՔՈ ՀԱՅԱՑՔՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՇՂԱՐՇԻ ՄԻՋՈՎ

Լուսինը քարացավ երկնքում,
անգամ ծղրիդները լռեցին.
Լուսինը քնած է ճամփեզրին: