կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-26 10:25
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանը վտանգավոր է դառնում. ''Ժամանակ''

Հովիկ Աբրահամյանը վտանգավոր է դառնում. ''Ժամանակ''

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որն ի պաշտոնե նաեւ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետն է, այս օրերին ակտիվորեն զբաղվում է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործերով: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին եւ հավելում. «Հայտնի է, որ անցած տարեվերջին նախագահական ընտրություններին չմասնակցելու մասին հայտարարությունից հետո ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը անցել է ընդհատակ՝ խուսափելով նույնիսկ հանդիպել իր կուսակիցների հետ։ Ստեղծված իրավիճակից որոշել է օգտվել Հովիկ Աբրահամյանը։ Մեր տեղեկություններով, ԲՀԿ տարբեր տրամաչափի գործիչների ու պաշտոնյաների կողմից նախագահ Սերժ Սարգսյանին պաշտպանելու հրապարակային, կիսահրապարակային կամ ընդհանրապես ոչ հրապարակային հայտարարությունները համակարգում է Հ. Աբրահամյանը։

 

Տարեսկզբից ի վեր տեղական նշանակության կարեւոր ԲՀԿ-ականներ որոշել էին դուրս գալ ԲՀԿ-ից՝ ցանկություն հայտնելով անդամագրվել ՀՀԿ-ին։ Հ. Աբրահամյանին դիմած գործիչնեը ԱԺ նախագահին ասել են, որ իրենց հարցերը լուծելու դեպքում պատրաստ են դուրս գալ ԲՀԿ-ից, նախագահական ընտրություններին աշխատել Ս. Սարգսյանի օգտին, դրանից հետո՝ անգամ անդամակցել ՀՀԿ-ին։ Հ. Աբրահամյանը, սակայն, նրանց հորդորել է այդ ամենը անել, բայց ԲՀԿ-ից դուրս չգալ։ Փոխարենը խոստացել է լուծել նրանց հուզող հարցերը։

 

Այդպիսով` Հ. Աբրահամյանը ցանկանում է ամբողջական պահել ԲՀԿ համանուն խմբակցությունը, որպեսզի այն չտրոհվի։ Հ. Աբրահամյանը հույս ունի, որ կուսակցության ստվերային ղեկն իր ձեռքը վերցնելու դեպքում այն կարող է շատ կարեւոր դերակատարություն տալ իրեն եւ ՀՀԿ-ում, եւ ԲՀԿ-ում։

 

Իր այդ քայլով Հ. Աբրահամյանը մի քանի խնդիր է լուծում։ Նախ՝ Ս. Սարգսյանին ցանկանում է ապացուցել, որ ԲՀԿ-ն իր միջոցով մնալու է նախագահի ու ՀՀԿ-ի ազդեցության տակ։ Նա նաեւ ցանկանում է նախագահական ընտրություններից հետո այդ կուսակցությանը կոալիցիա վերադարձնել։

 

Մյուս կողմից էլ, իր այդ ակտիվ դերակատարությամբ նա ցանկանում է ազդեցություն ու նաեւ մասնաբաժին ունենալ ԲՀԿ-ում՝ վերջապես դառնալ այդ կուսակցության ստվերային ղեկավարը»։