Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ստորագրվել է «ՀՀ մշակույթի նախարարության և Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության միջև 2013-2015 թթ. համագործակցության մասին» ծրագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիան:
Ծրագիրը բաղկացած է 17 հոդվածից, որոնք ընդգրկում են մշակութային համագործակցության բոլոր ոլորտները: Ծրագրում ամրագրվել են նաև պատմամշակութային ժառանգության ոլորտում համագործակցության ուղղությունները: Համաձայն ստորագրված ծրագրի՝ կողմերը կխրախուսեն և կաջակցեն կազմակերպությունների և գերատեսչությունների միջև տեղեկույթի և մասնագետների փոխանակմանը, գրականության, թատրոնի, երաժշտության, կերպարվեստի, գրադարանային և թանգարանային գործի ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև ներկայացուցիչների մասնակցությանը երկու պետությունների տարածքներում անցկացվելիք մշակութային և թատերական փառատոներին, մրցույթներին, գիտաժողովներին և սիմպոզիումներին, մասնավոր նախաձեռնություններին, այդ թվում` առևտրային և այլն:
Մշակութային ժառանգության ոլորտում կողմերը բարենպաստ պայմաններ կստեղծեն պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, ուսումնասիրության, հանրահռչակման և պետական պաշտպանության ոլորտներում համագործակցության զարգացման համար: Նախատեսվում է նաև աջակցություն ցուցաբերել տվյալ ոլորտում գործող կազմակերպությունների միջև ուղղակի կապերի հաստատմանը և զարգացմանը, ինչպես նաև գործող օրենսդրական և այլ նորմատիվ-իրավական ակտերի վերաբերյալ տեղեկույթի փոխանակմանը:
Փոխադարձ աջակցություն կցուցաբերվի պատմության և մշակույթի հուշարձանների հայտնաբերման և հաշվառման հարցում: Կողմերը կհամագործակցեն պատմության և մշակույթի հուշարձանների կոնսերվացման և վերականգնման ոլորտում, արդի խնդիրները լուսաբանող հանրամատչելի և մասնագիտական գրականության, պարբերականների հրատարակության հարցում: