կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-27 09:55
Քաղաքական

Կոնգրե՞սն էլ գնաց բոյկոտի ճանապարհով

Կոնգրե՞սն էլ գնաց բոյկոտի ճանապարհով

Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում երեկ քաղխորհրդի նիստ է տեղի ունեցել, որտեղ նիստի մասնակիցները քննարկել են նախագահի ընտրություններին մասնակցության իրենց ձեւաչափը. գրում է «Հրապարակը»:

 

Քաղխորհրդի նիստում որոշում է ընդունվել, որը, ըստ Լեւոն Զուրաբյանի, որոշակի կոնսուլտացիաներից հետո կհրապարակվի այսօր: Սակայն թերթին հաջողվել է պարզել, որ Կոնգրեսում քննարկումների արդյունքում հանգել են բոյկոտի տարբերակին: Եվ եթե մինչեւ վաղը փոփոխություններ չլինեն, չի բացառվում, որ Կոնգրեսը հայտարարի ընտրությունները բոյկոտելու եւ որեւէ մեկի թեկնածությունը չպաշտպանելու մասին:

 

Քաղխորհրդի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանից թերթը փորձել է պարզել. եթե ՀԱԿ-ն ընտրի բոյկոտի տարբերակը, հնարավո՞ր է իրենք էլ դուրս գան ՀԱԿ-ի կազմից եւ պաշտպանեն Հրանտ Բագրատյանի թեկնածությունը: Մակեյանն ասել է, որ Բագրատյանին կամ որեւէ այլ թեկնածուի սատարել-չսատարելու հարցն իրենք կքննարկեն հունվարի կեսին կայանալիք իրենց կուսակցության քաղխորհրդի նիստում եւ հիմա որոշակի ոչինչ ասել չեն կարող:

 

Ի դեպ, նշում է թերթը, ՀԱԿ-ի երեկվա քաղխորհրդի նիստին Մակեյանը, ինչպես նաեւ «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը չեն մասնակցել: «Ժողովրդավարական հայրենիք»-ից մասնակցել է կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանը, ով, Մակեյանի խոսքով, ներկայացված նախագծին հիմնականում կողմ է արտահայտվել:

 

Սակայն երեկվա ներկայացվածը, Մակեյանի պնդմամբ, վերջնական որոշումը չի եղել: Ավարտուն տեսքով որոշումը կհրապարակվի այսօր: