կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-14 16:45
Քաղաքական

Հայաստանի, Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի ԱԳՆ-ների հանդիպումը

Հայաստանի, Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի ԱԳՆ-ների հանդիպումը

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի ԱԳ նախարարներ Ռադոսլավ Սիկորսկիի, Կարլ Բիլդտի և Նիկոլայ Մլադենովի հետ:

 

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի հետ Հայաստանը կապում են ավանդական բազմադարյա բարեկամական հարաբերությունները, իսկ ներկայումս առկա է արդյունավետ համագործակցություն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում: Նախարարը կարևորել է փոխգործակցությունը Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ծավալուն օրակարգին և  արձանագրվեց, որ մի շարք ուղղություններով առկա է բավականին լավ առաջընթաց և վերահաստատվեց նպատակադրվածությունը Արևելյան գործընկերության շրջանակներում խորացնելու և զարգացնելու փոխգործակցությունը:

 

Երկուստեք կարևորվել է համատեղ ջանքերի գործադրումը մինչև 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովը Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի` ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ բանակցությունները ավարտին հասցնելու ուղղությամբ:

 

Զրուցակիցները գոհունակություն հայտնել են, որ ԵՄ հետ հաջողությամբ ավարտվել են մուտքի արտոնագրերի դյուրացման շուրջ համաձայնագրի բանակցությունները և մոտակա օրերին նախատեսվում է այն ստորագրել:

 

Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակել եվրոպական չափանիշներին համապատասխան լայնածավալ բարեփոխումների իրականացումը:

 

Բանակցությունների օրակարգում էին մի շարք միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ: Մասնավորապես մտքեր են փոխանակվել Սիրիայում առկա իրավիճակի, սիրիահայության խնդրիների շուրջ:

 

Նախարար Նալբանդյանը գործընկերներին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը: