|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Մայիսի 21-ին Վարշավայում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, լեհականը` Լեհաստանի ԱԳ պետքարտուղարի տեղակալ Մարչին Պշիդաչը (Marcin Przydacz):
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-լեհական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով միջխորհրդարանական կապերի ակտիվացման, առևտրատնտեսական, գիտամշակութային և այլ բնագավառներին առնչվող հարցերին։
ԼՀ ԱԳ պետքարտուղարի տեղակալ Մարչին Պշիդաչը հատուկ ընդգծեց, որ Լեհաստանն աջակցում է Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին և պատրաստ է օժանդակել Երևանին լայնամասշտաբ բարեփոխումներ իրականացնելու ջանքերում՝ ներառյալ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների իրականացման միջոցով:
Կողմերն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերությունների, Արևելյան գործընկերության և միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների գործակցության ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին:
Փոխնախարար Ադոնցը շնորհակալություն հայտնեց՝ ԼՀ կառավարության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Հայաստանում ԼՀ դեսպանության օժանդակությամբ իրականացրած «Լեհական զարգացման համագործակցությունը Հայաստանում» ներդրումային ծրագրերի կապակցությամբ։
Նույն օրը պատվիրակությանը հյուրընկալեցին լեհական PWPW S.A. պետական ձեռնարկությունում, որտեղ քննարկեցին վերջինիս գործունեության շարունակության և ՀՀ համապատասխան գերատեսչության հետ համագործակցության հեռանկարները: