Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2012-12-12 13:18
Իրավական

Միասնական համազգեստ` թիկնապահների համար

Միասնական համազգեստ` թիկնապահների համար

2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի «Պահնորդական գործունեության մասին» օրենքը, համաձայն որի` Հայաստանի Հանրապետության տարածքում թիկնապահական և պահնորդական գործունեությամբ զբաղվելու իրավունք կունենան միայն օրենքով սահմանված կարգով լիցենզիա ստացած իրավաբանական անձինք. հաղորդում է «Փաստինֆոն»:

 

Այդ գործունեության համար նախատեսված է բարդ ընթացակարգով լիցենզիա: «Պետական տուրքի մասին» օրենքի համաձայն` մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա տալու և դրա ժամկետը երկարաձգելու համար սահմանված է պետական տուրք` 500 հազար դրամի, իսկ լիցենզիան վերաձևակերպելու կամ կրկնօրինակը տալու համար 50 հազար դրամի չափով:

 

Թիկնապահի և պահնորդի կարգավիճակ ձեռք բերելու և թիկնապահական և պահնորդական գործառույթներ իրականացնելու իրավունք ունեն թիկնապահի կամ պահնորդի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները: Թիկնապահներն ու պահնորդներն առնվազն երեք տարին մեկ պարտավոր են անցնել պարտադիր վերապատրաստում: Կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

 

Թիկնապահական և պահնորդական գործունեության հիմնական խնդիրներն են` ֆիզիկական անձանց կամ նրանց կողմից պայմանագրում նշված անձանց կյանքի և առողջության պաշտպանության նպատակով թիկնապահական ծառայությունների մատուցումը, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կամ նրանց կողմից պայմանագրում նշված անձանց գույքի, գույքային իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության նպատակով պահնորդական ծառայությունների մատուցումը, պահպանվող օբյեկտներում անցագրային և ներօբյեկտային սահմանված պայմանակարգերի ապահովումը:

 

Պաշտպանվող յուրաքանչյուր անձի կարող է ուղեկցել միայն մեկ տրանսպորտային միջոց և երեքից ոչ ավելի թիկնապահ, այդ թվում' վարորդ- թիկնապահը: Թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունն իրավունք չունի ծառայություն մատուցել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց:

 

Ծառայություններ մատուցելիս թիկնապահները և պահնորդները պետք է կրեն միասնական համազգեստ միայն աշխատանքային ժամերին: Դրանք պետք է տարբերվեն հատուկ պետական պաշտպանություն իրականացնող մարմնի աշխատողների համազգեստից: Միասնական համազգեստի և տարբերանշանի նկարագիրը հաստատում է թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը:

 

Մասնավոր պահնորդական կազմակերպությունների` օրենքով նախատեսված գործունեության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ոստիկանությունը: