կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-12 13:37
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի գրասենյակից գիշերվա ընթացքում զինվորական համազգեստ ու զենք է բաժանվել, որպեսզի սադրիչ գործողություններ իրականացնեն․ Իվետա Տոնոյան

Նախօրեին «Իմ քայլը» խմբակցությունը, որը մի քանի օր շարունակ պատսպարված էր տարատեսակ գրասենյակների նկուղներում, ապաստարաններում, ինչպես նաեւ, տարբեր շրջանառվող լուրերի  համաձայն,Սորոսի գրասենյակում և ԱՄՆ-ի դեսպանատան նկուղներում, ուշ երեկոյան հանդես եկավ հայտարարությամբ, որում ընդունում է Արցախը հանձնելու պատասխանատվությունը, Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ որոշման պատասխանատվությունը. ըստ Yerkir.am-ի՝ այսօր ՀՅԴ Հայաստանի ԳՄ գրասենյակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Ըստ նրա՝ մինչև ուշ երեկո հույս են ունեցել, որ «Իմ քայլը» կա՛մ տեղյակ չէ, կա՛մ էլ մասամբ է տեղեկացված Փաշինյանի ստորագրած հայտարարությունից, սակայն տարածված հայտարարությունից այլ բան է պարզվում: «Նախօրեին տարածված հայտարարությամբ՝ «Իմ քայլը» խմբակցության այն անդամները, որոնք համարձակություն ունեն հայտարարելու, որ իրենք կիսում են այս հայտարարությունը, հավասարապես կիսում են պատասխանատվությունը ստորագրված դավաճանական որոշման մասով»,- ասաց Իվետա Տոնոյանն ու խոսեց փաստերով․ «Այս պահին արդեն իսկ ձեռքիս տակ ունեմ տեղեկատվություն և փաստեր, որ ֆեյսբուքյան քոմենթների մակարդակով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները արդեն իսկ նշում են, որ իրենք տեղյակ չեն եղել կամ, տեղյակ են եղել հայտարարության առաջին հատվածին, մնացած մասով տեղյակ չեն եղել և, բնականաբար, պատասխանատվություն չեն կրում»։

Նա ակնկալում է, որ «Իմ քայլի» իր գործընկերները կհայտարարեն, թե ով է ստորագրել հաղորդագրության տակ, որպեսզի հանրությունն անվանական տեղեկանա, թե ովքեր են այն ԱԺ պատգամավորները, որ Նիկոլ Փաշինյանի հետ հավասարապես կիսում են Արցախը հանձնելու որոշման պատասխանատվությունը: «Ազգը պետք է իմանա անուն առ անուն բոլոր այն մարդկանց, որոնք ստորագրել են այս խայտառակ որոշման տակ։ Ուզում եմ հորդորով եւս մեկ անգամ դիմել իմ գործընկերներին, որ դուրս չգան ժողովրդի դեմ, թողնեն հումանիտար միջանցք, հնարավորություն, որպեսզի մենք նրանց կարողանանք փրկել ժողովրդի ցասումից ու զայրույթից»,- նշեց Իվետա Տոնոյանը։

ԲՀԿ պատգամավորը նաեւ ուշագրավ տեղեկություն հայտնեց, որ 17 կուսակցությունների կողմից նախատեսված գործողությունների ընթացքում սադրանքներ հրահրելու, խժդժություններ առաջացնելու հստակ հանձնարարական է իջեցված իշխանությունների կողմից: «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակից գիշերվա ընթացքում զինվորական համազգեստ և զենք է բաժանվել իշխանությունների սրտի սիրելի օլիգարխների անվտանգության աշխատակիցներին և «Իմ քայլը» խմբակցության ու ՔՊ կուսակցության մի  քանի համակիրների, որպեսզի կոնկրետ սադրիչ գործողություններ իրականացնեն մեր կողմից ձեռնարկվելիք միջոցառումների ընթացքում։ Զինվորականի համազգեստի պղծումը, զինվորականի արժանապատվության վրայով անցնելը Նիկոլ Փաշինյանն ապացուցել էր դեռեւս հեղափոխության օրերին, երբ Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապիկներ էին շրջանառության մեջ դրվում։ Հասկանում եմ, որ նրանց համար այլևս չկա որեւէ սրբություն, բայց մի՛ պղծեք զինվորականի, ազատամարտիկի արժանապատվությունն ու հեղինակությունը: Մի՛ արեք նման բան, զենքը շուռ չտաք ժողովրդի դեմ, որովհետեւ ժողովրդի ցասումը լինելու է անկառավարելի և ունենալու է շատ վտանգավոր հետեւանքներ։ Իհարկե, հասկանում եմ, որ ժողովրդին մեկը մյուսի դեմ հանելու գործում Նիկոլ Փաշինյանը չունի հավասար մրցակից, նրան կարելի է Նոբելյան մրցանակ տալ ժողովրդին միմյանց դեմ հանելու գործում ունեցած ֆենոմենալ հաջողությունների համար, սևերի ու սպիտակների տարանջատումով իր քաղաքականությունն ամրագրած մարդուց չունեմ շատ մեծ սպասելիքներ։ Սպասելիքներ ունեմ մեր հայրենակիցներից, մեր ժողովրդից, դուք չունեք, ի դեմս մեզ, թշնամիներ»,- ասաց Իվետա Տոնոյանը։

Նա նաև կոչով ու հորդորով դիմեց ԱԱԾ-ին, ոստիկանությանը, փրկարար ծառայությանը, որոնք ստիպված են կատարել Նիկոլ Փաշինյանի հանձնարարականները. «Պարզապես խնդրում եմ, Արցախը հանձնող, հայ ժողովրդին ծնկի բերած «գերագույն գլխավոր հրամանատարի» հանձնարարականները դուք չպետք է կատարեք, որովհետեւ պատմության մեջ մնալու եք որպես հող հանձնողի հանձնարարությունը կատարող։ Գիտեմ, որ այդ համակարգերում կան բազմաթիվ արժանապատիվ մարդիկ, որոնք ներքին ընդվզում ունեն Փաշինյանի հանձնարարականների դեմ, սկզբունքային դիրքորոշում ունեն ու չեն համաձայնում կատարել նրա հանձնարարականները։ Հասկանում եմ՝ ունեք վախեր, մտահոգություններ, անհանգստություններ, բայց ձեր մեջ գտեք այնքան հայրենասիրություն, քաղաքացիական կամք, որպեսզի այդ մասին բարձրաձայն արտահայտվեք»։

Մանրամասները՝ տեսանյութում: