կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-11 15:57
Քաղաքական

Ալիկ Սարգսյանին է՞լ կդատեն

Ալիկ Սարգսյանին է՞լ կդատեն

Էդիկ Բազիկյանի` նույն շինարարի դեմ, ով չարաշահումներ է իրականացրել Արարատի մարզում դպրոցաշինության ոլորտում եւ այժմ մեղադրյալի աթոռին է, հնարավոր է նոր մեղադրանքներ ներկայացվեն: Արարատի մարզի Զանգակատուն գյուղի նախկին գյուղապետը բողոքել է, որ դպրոցի վերանորոգման ժամանակ գումարներ են գրպանվել. 20 միլիոն դրամ հատկացվել է դպրոցում վերանորոգում կատարելու համար, իրականացվել է 3 միլիոնի աշխատանք: Գումարի մյուս մասը չկա:

 

Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանին Արարատի մարզի քննչական մարմնից հարցում է ուղարկվել, թե Էդիկ Բազիկյանն արդյո?ք անցնում է այս գործով, թե ոչ: Դատավորն էլ նշել է, որ ոչ, իսկ երեկվա դատական նիստի ժամանակ վերջինս Բազիկյանին ակնարկել է սպասել նոր մեղադրանքների:  

 

Նշենք, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի, Նոյակերտ եւ Ոսկետափ գյուղերի թիվ 2 դպրոցներում շինաշխատնքների ժամանակ հավելագրումների համար Բազիկյանն արդեն մեղադրվում է, սակայն նրա հետ միասին նաեւ նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանն է մեղադրյալի աթոռին` պաշտոնական անփութություն ցուցաբերելու եւ շինաշխատանքը չվերահսկելու մեղադրանքով: Թեեւ նա պնդում է, որ շինարարի աշխատանքը վերահսկելը մարզպետի պարտականությունը չէ:  Ընդ որում, շինաշխատանքները սկսվել են 2004 եւ 2006 թվականներին, իսկ Հովակիմյանը պաշտոնավարել է 2008-2010 թվականներին:

 

Ուշագրավ է, որ ի հայտ եկած նոր չարաշահումները կապված են 2007 թվականին կատարված շինարարությանը. փաստորեն, ստացվում է, որ Արարատի այդ ժամանակվա մարզպետին եւս պետք է մեղադրանք ներկայացվի` անփությունուն ցուցաբերելու եւ աշխատանքները չվերահսկելու համար: Իսկ այդ ժամանակ մարզպետը Ալիկ Սարգսյանն էր:

 

Ի դեպ, Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի դեմ երեկվա հերթական դատական նիստի ավարտին վերջինս հայտարարել է, որ ճիշտ կլինի` վերանորոգումների համար մարզպետարանին 2007թ. հատկացված 400 միլիոն դրամը եւս մանրադիտակային ստուգման ենթարկվի, քանի որ, ըստ նրա, գումարի համեմատ` չնչին աշխատանք է կատարվել: «Ալիկ Սարգսյանը գրպանել է եւ դրել «Նոր Արտաշատ» ռեստորանի վրա»,- մեզ հետ զրույցում ասաց Վարդգես Հովակիմյանը` հավելելով, որ աշխատում է իրականությունը «ջրի երես» հանելու ուղղությամբ: