կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-27 16:06
Հասարակություն

Եթե ժամանակին թույլ չտայի, երեւի Մարտի 1 չլիներ

Եթե ժամանակին թույլ չտայի, երեւի Մարտի 1 չլիներ

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր լրագրողներին ասաց, որ խոսակցությունները, թե ինքը իբր հրահանգել է վաղը փակել ճանապարհները` կապված ՀԱԿ-ի հանրահավաքի հետ, շահարկում են, եւ որ ինքը նման ցուցում չի տվել:

 

«Հնարավոր է`մի տեղ մեկը մյուսին խորհուրդ տա` ախպե'ր ջան, զբաղվիր քո գործերով, ի՞նչ ես գնում հանրահավաքի, բայց դա չի նշանակում, որ ես ճանապարհ եմ փակում: Ո՞րն է այդտեղ իմ մեղքը, ոստիկանության մեղքը: Ես ճանապարհ չեմ փակում, դուք ինքներդ դուրս եկեք նայեք` ո՞րտեղ եմ ես ճանապարհ փակում»,- վրդովված արդարացավ նա:

 

Հարցին` ինչո՞ւ են այդ դեպքում ոստիկանները կանգնում եւ հսկում, նա պատասխանեց, որ դա մի նպատակ ունի` վերահսկել օպերատիվ դրությունը եւ հասկանալ` ինչ է կատարվում:

 

«Դա իմ իրավունքն է, ինձանից մի նեղացեք: Ես պիտի իմանամ` ինչքան տրանսպորտ մտավ քաղաք, ինչքանը` դուրս եկավ, ինչքան ժողովուրդ կա Երեւանում էս պահին, մուտքը, ելքը... Ընենց չի, որ ես ընդհանրապես անուշադրության մատնեմ, իմ կաբինետում նստեմ ու տեսնեմ, թե իրադարձությունները ոնց կզարգանան: Ես պետք է հասկանամ, թե օպերատիվ իրավիճակն ինչպես է ընթանում Երեւանում, եւ զարգացման միտումներ կա՞ն, թե՞ չկան, դա իմ սուրբ պարտականությունն է: Իսկ որպեսզի իմանամ, պետք է վերահսկեմ մայրուղիները»,- պարզաբանեց ոստիկանապետը:

 

Լրագրողները հետաքրքրվեցին` ինչպիսի՞ն կլինեն ոստիկանության քայլերը, եթե ՀԱԿ-ը վաղը եւս որոշի նստացույց անել: Ալիկ Սարգսյանը պատասխանեց, որ իր անելիքները կորոշի ընթացքում` կախված ցուցարարների պահվածքից:

 

«Եթե դա զուտ խաղաղ բնույթ կրի, ապա դա ինձ որեւիցե կերպ չի վերաբերի: Իսկ եթե տեսնեմ, որ զարգացումներն այլ բանի են տանում, որը հղի է ծանր հետեւանքներով, իմ միջամտությունը հաստատ կլինի անսպասելի, թույլ չեմ տա էդքան զարգանա: Եթե ժամանակին էլ թույլ չտայի, երեւի թե Մարտի 1 էլ չլիներ: Թողեցի, մինչեւ հասավ Մարտի 1-ին»,- անսպասելի խոստովանեց նա: