կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-27 11:25
Հասարակություն

Մեր իրավունքները խախտողները (լուսանկարներ)

Մեր իրավունքները խախտողները (լուսանկարներ)

Վաղ առավոտից ուժայինները շրջափակել են կառավարության շենքը եւ Տիգրան Մեծի պողոտան ու խոչընդոտում են քաղաքացիների` ազատ տեղաշարժին: Մեր հարցին, թե ինչո՞ւ թույլ չեն տալիս մարդկանց անցնել, ոստիկանները պատասխանում են, թե հրաման են կատարում: Մի կապիտան էլ, ով չներկայացավ, ասաց հետեւյալը. «Քանի որ ամեն հինգշաբթի կառավարության նիստերը մարդիկ խանգարում են հանրահավաքով, երեւի դրա համար էլ երթեր, ցույցեր, հանրահավաքների մասին օրենքն են որոշել գործի դնել, ըստ որի` կառավարության շենքի առջեւ պետք է ազատ լինի»:

 

Զավեշտալին այն է, որ ոչ միայն պաստառներով «զինված» քաղաքացիների մուտքն է արգելված դեպի կառավարության շենք, այլեւ բոլորի` անխտիր: Ոչ ոքի չեն թողնում անցնել: Տիգրան Մեծի պողոտայից Հանրապետության հրապարակ գնալու համար մարդիկ ստիպված են Մելիք Ադամյանով հասնել մինչեւ Հրապարակի մետրո, այնտեղի գետնանցումով դուրս գալ Բուզանդի փողոց, հետո`Աբովյան փողոց եւ նոր միայն` հրապարակ, որտեղ նույնպես ոստիկաններն ու կարմիր բերետավորներն են:

 

Փաստորեն, կառավարությունն անում է ամեն ինչ` իր նախարարներին ժողովրդից հեռու պահելու համար: Հավանաբար, վերջիններս դժգոհել են, որ ամեն հինգշաբթի ստիպված են լինում կառավարություն մուտք գործել թուք ու մուր ուտելով, դուրս գալ` կայծակնային արագությամբ ու թանկարժեք մեքենաներով սլանալ «գործի»` միտինգավորների խնդիրները «լուծելու»: