կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-06 10:57
Հասարակություն

Լեռնապատի "սիցիլիական" կյանքը

Լեռնապատի "սիցիլիական" կյանքը

Yerkir.am-ը բազմիցս անդրադարձել է տարբեր մակարդակի ու մասշտաբի տեղական իշխանիկների գործունեությանն ու գործելակերպին: Կյանքը ցույց է տալիս, որ այսօր իրենց ամենաանպատիժն են զգում Երևանից հեռու գտնվող համայնքապետերը, որոնք շատ հաճախ, զգալով իրենց անպատժելիությունը, կրակ ու պատիժ են դառնում համագյուղացիների գլխին, իսկ նրանց գործելակերպն էլ դառնում է իրենց ընդդիմախոսներին հնարավոր բոլոր միջոցներով ճնշելն ու վախեցնելը: Ահավասիկ վերջին օրինակը:

 

«Մեր գյուղը թուրք չի մտել, մենք թուրքից չենք վախեցել, բայց հիմա վախի մեջ ենք, մեր էրեխեքն էլ են վախում արդեն: Մեր գյուղում սիցիլիական մաֆիայի կինո է»,- պատմում են Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչները:

 

Ոտքդ գյուղ դրած-չդրած ամեն մեկն իր բողոքն է անում ՀՀԿ-ական գյուղապետ Վանո Եղիազարյանից: Նրանց խոսքերով, գյուղապետը, իր պաշտոնեական դիրքը չարաշահելով, նպաստներ է դուրս գրել իրենց անունով, դրել իր գրպանը, անշարժ գույք է վաճառել, գյուղացիներից գումար է հավաքել գազատար խողովակներ անցկացնելու համար եւ այլն: Ի պատասխան այս բողոքների` Վանո Եղիազարյանը դատի է տալիս համագյուղացիներին` իր պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու համար:

 

Գյուղապետի դեմ էլ արդեն մոտ երկու տարի է քրեական գործ է հարուցված` պաշտոնեական դիրքի չարաշահման, կեղծիքներ կատարելու եւ խոշոր չափի յուրացում կատարելու հոդվածներով: Սակայն նա շարունակում է պաշտոնավարել ու գյուղացիների վկայությամբ, սպառնալ իրենց. «Ժողովրդին վախեցնում է, ասում է` իմ թիկունքն ուժեղ է»:

 

Իսկ գյուղապետ Վանո Եղիազարյանն էլ պնդում է, թե միայն մի քանի հոգի են բողոքողները: Իբր նրանք դժգոհ են, որ գյուղապետը հարկերը խստորեն հավաքում է, եւ իր հրաժարականն են պահանջում. «Ես հրաժարական տվողներից չեմ: Ես վստահ եմ, որ իմ գործունեությունը իրականացնում եմ օրենքի շրջանակներում»:

 

Տեսնենք ի՞նչ շարունակություն կունենա  ժողովրդի և իշխանության ներկայացուցչի միջև` տեղական նշանակության այս հակամարտությունը: