Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիի թիվ 28 նախակրթարանի դաստիարակ Շահինյան Լամարան, ով ԿԳ նախարարության կազմակերպած Ուսուցչի տոնին նվիրված մրցույթում արհմիության կողմից արժանացավ «Տարվա լավագույն դաստիարակ» կոչմանը` yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ դաստիարակի գործը բավականին աշխատատար է:
«Երեխաների հետ շփվելն ամենեւին էլ բարդ չէ, ուղղակի անհրաժեշտ է շփման բանալին գտնել: Ամենակարեւորը երեխային սիրելն է, մնացածը` կստացվի: Երեխան ինքն էլ զգում է, թե ինչպես ես իրեն վերաբերվում եւ համարժեք ձեւով էլ պահում է իրեն»,- ասաց նա:
Լ. Շահինյանը նաեւ տեղեկացրեց, որ իրենց մանկապարտեզն ունի շուրջ 120 երեխա, որոնց մեծ մասը տղաներ են:
ԿԳ նախարարության կողմից «Տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգին արժանացան Արմավիրի մարզի Նալբանդյանի միջնակարգ դպրոցի դասվար Գեւորգյան Անգինը, Արթիկի թիվ 3 ավագ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Մկրտչյան Արմենուհին եւ Կապանի թիվ 2 ավագ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Անտոնյան Արմեդան:
Իսկ «Տարվա լավագույն տնօրեն» անվանակարգին արժանացան Նոր Խարբերդի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Մուրադյան Նելլին, Արտիմետի միջնակարգ տնօրեն Գյոզալյան Արտակը, Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Բաղդասարյան Լաուրան:
Արտիմետի միջնակարգ տնօրեն Գյոզալյան Արտակը նշեց, որ իր համար շատ կարեւոր եւ պարտավորեցնող էր լավագույն տնօրենի կոչմանն արժանանալը, քանի որ նա ցանկացած հարցում էլ պայքարել է սիրում:
«Պետք է ասեմ, որ այսօրվա սերունդը բոլորովին էլ վատը եւ անկառավարելի չէ, ինչպես որ հաճախ ներկայացնում են: Նրանք նույն երեխաներն են, ինչ 10 տարի առաջ: Ուղղակի պետք է կարողանալ անկեղծ լինել երեխայի հետ եւ թափանցել նրա հոգու խորքը»,- նշեց դպրոցի տնօրենը:
«Տարվա լավագույն դաստիարակ» կոչմանն արժանացան Աշտարակի «Հովիկ» ՆՈՒՀ-ի դաստիարակ Ներսիսյան Հռիփսիմեն, Սեւանի «Հեքիաթ» ՆՈՒՀ-ի դաստիարակ Հունանյան Ռուզաննան եւ Ալավերդու թից 6 ՆՈՒՀ-ի դաստիարակ Մելիքյան Սուսաննա:
Մրցանակակիրները ստացան նաեւ հեռուստացույց, իսկ արհմիության կողմից «Տարվա լավագույն ուսուցիչ» եւ «Տարվա լավագույն դաստիարակ» կոչմանն արժանացած մասնակիցները` դրամական պարգեւ:
Ուշագրավ է հանգամանքը, որ Երեւանից միայն մեկ մասնակից էր հաղթող ճանաչվել` թիվ 106 դպրոցի տնօրենը, ով էլ արժանացավ պատվոգրի: