Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: ՀՀ վարչապետի անունից մրցանակները հանձնել է կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
Ողջույնի խոսքում նա նշել է, որ այս տարի մրցանակների հանձնումը, որն ավանդաբար տեղի էր ունենում հոկտեմբերի սկզբին` Ուսուցչի տոնի ժամանակ, հարգելի պատճառով հետաձգվել է (համընկել է Շարլ Ազնավուրի մահվան միջոցառումների հետ): ԿԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Ուսուցչի տոնը կարևոր իրադարձություն է նախարարության համար` ուսուցչին գնահատելու և արժևորելու տեսանկյունից:
«Հեղափոխությունից հետո մենք քննարկել ենք հարցը, թե արդյոք մրցանակաբաշխությունը ծառայում է իր հիմնական նպատակին և արդյոք մրցույթը նպաստում է ԿԳ նախարարության առջև դրված խնդիրների իրագործմանը: Գտնում ենք, որ Ուսուցչի տոնը շատ կարևոր է հետևյալ հիմնավորմամբ. մենք պարտավոր ենք հետևողականորեն բարձրացնել ուսուցչի վարկանիշն ու հեղինակությունը: Ուսուցիչն ու տնօրենը մեր ամենակարևոր գործընկերներն են` դպրոցում կրթական ծրագրերը իրագործելիս: Առանց ուսուցչի և տնօրենի օգնության, առանց նրանց ակտիվ միջամտության կրթական ծրագրերը պարզապես իրագործելի չեն: Նախարարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի գործընկերային հարաբերությունները ստացվեն և մենք դպրոցներում ունենանք միջավայր` ձևավորելու Հայասատանի Հանրապետության ազատ, անկախ, վերլուծող, քննող ու քննադատող քաղաքացի»,- իր խոսքում նշել է Արայիկ Հարությունյանը:
Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Նա պաշտպանական գերատեսչության անունից պարգևներ է հանձնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի լավագույն զինվորների ուսուցիչներին: Շնորհավորանքի խոսքում պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նշել է, որ ավանդաբար լավագույն զինվորների ուսուցիչները պաշտպանության նախարարության կողմից խրախուսվում էին, սակայն այս տարի երկու գերատեսչությունների ղեկավարների համատեղ նախաձեռնությամբ որոշվել է տոնը միասնական դարձնել բոլոր ուսուցիչների համար: «Կրթությունը, պաշտպանությունը և դաստիարակությունը մենք դիտարկում ենք միասնական համակարգում: Նաև դպրոցի և ուսուցչի տված կրթության և դաստիարակության շնորհիվ է, որ մենք ունենք զինվորներ, ովքեր պաշտպանում են առաջնագիծը, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, կրում են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման պատասխանատվությունը»,- նշել է Դավիթ Տոնոյանը:
Նշենք, որ «Տարվա լավագույն ուսուցիչ» է ճանաչվել Արագածոտնի մարզի Աշտարակի Ս. Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Նարինե Մեսրոպյանը, «Տարվա լավագույն դաստիարակ»` նույն մարզի Աշտարակի Արաքս Մուրադյանի անվան մանկապարտեզի դաստիարակչուհի Գոհար Արշակյանը: Իսկ «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթում հաղթել է Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանը: «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողներին այս տարի ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել են դրամական պարգևներ: Միջոցառման ընթացքում «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթների եզրափակիչ փուլի մասնակիցներին նախարարության անունից պարգևներ են հանձնվել մի շարք անվանակարգերում հաղթելու համար:
«Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթները կազմակերպվում են սկսած 2000 թվականից: Հաղթողները նույն մրցույթին կրկին կարող են մասնակցել 5 տարի անց:
Ի դեպ, 2017-ին «Լավագույն դաստիարակին» ու «Լավագույն ուսուցին» շնորհվել էր ավտոմեքենա՝ «Կիա Ռիո» մակնիշի, իսկ «Լավագույն տնօրենն» արժանացել էր համակարգչի: