կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-24 15:33
Քաղաքական

Սերժ Սարգսյանը հանդիպել է ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Սերժ Սարգսյանը հանդիպել է ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Նյու Յորքում հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Նասիր Աբդուլազիզ ալ Նասերի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ:

 

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նասիր Աբդուլազիզ ալ Նասերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նա հատուկ անդրադարձել է նաեւ այս տարվա հիմնական քննարկումների համար Նասիր Աբդուլազիզ ալ Նասերի առաջարկած թեմային՝ միջնորդական ջանքերով հակամարտությունների կանխարգելմանն ու կարգավորմանը, որը համահունչ է հակամարտությունների խաղաղ կարգավորման` ՀՀ որդեգրած սկզբունքներին:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա վերանշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Հանրապետության ղեկավարը նշել է, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է համաշխարհային այս կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին եւ արդյունավետորեն համագործակցում ՄԱԿ-ի բազմաթիվ կառույցների հետ: Նրանք կարեւորել են ՄԱԿ-ի դերն աշխարհում խաղաղության, կայունության եւ անվտանգության ապահովման գործում, անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին:

 

Իսկ օրվա վերջում հայկական պատվիրակության համար ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր ընդունելություն էին նախաձեռնել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը եւ ամերիկահայ կազմակերպությունները, որոնց մի շարք ներկայացուցիչներ նախագահի հրամանագրերով պարգեւատրվել են մեդալներով եւ շքանշաններով: