Նկատի ունենալով, որ Հարավային Կովկասում տարբեր ռեգիոնալ խաղացողների շահեր են բախվել և դեռ բախվելու են, ՌԴ համար խիստ կարևոր է, որպեսզի կապիտուլյանտ Նիկոլի պոչը լինի բացառապես Մոսկվայի ոտքի տակ և չփորձի այլ խաղեր տալ (հատկապես՝ թուրքերի հետ)։ Նիկոլի կապիտուլյացիոն ռեժիմն այլևս ռուսական խոշորացույցի տակ է, և, ինչպես ընդունված է ասել, «шаг в лево, шаг в право-расстрел»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Նիկոլի «վերընտրությունը» շնորհավորելիս, 2021թ հունիսին գերտերությունները նշել էին, որ Հայաստանը դեռ պետք է ցավալի որոշումներ կայացնի։ Արցախում ստատուս քվոյի արմատական փոփոխությունից և Սյունիքը ռազմավարական բախման օջախ դարձնելուց հետո, Նիկոլի «գործողությունները» մեր համար, առ այսօր բացառապես կորստաբեր են եղել։ Ամենայն հավանականությամբ, Մոսկվայում քննարկվել է նաև 2020թ նոյեմբերի 9-ի և 2021թ հունվարի 11-ի հայտարարություններով, Սյունիքով դեպի Նախիջևան գնացող ճանապարհը վերահսկողության տակ վերցնելու ընթացակարգերը։
Կարծում եմ, որ Պուտին-Փաշինյան աշխատանքային հանդիպման ոչ ֆորմալ շփումների ընթացքում Մոսկվան փորձել է նաև հասկանալ, թե ի՞նչ նոր փորձանք կարող է բերել Նիկոլի կապիտուլյացիոն ռեժիմը Հարավային Կովկասում, եթե հանկարծ Իրանի Իսլամական Հանրապետությունը որոշի ուժի կիրառման միջոցով (թեկուզ քիչ հավանական է) պաշտպանել իր ռազմավարական շահերը։ Քանի որ նույնիսկ ռուսների համար կարծես պարզ չէ, թէ ու՞մ է վերջում խաբելու Նիկոլը. Արևմուտքի՞ն ի դեմս անգլո-թուրքական շահերի, Արևելքին՝ ի դեմս Իրանի և նրա խաղաղօվկիանոսյան գործընկերների, թե Հյուսիսին՝ ի դեմս Ռուսաստանի ու նրա ԵԱՏՄ անդամ գործընկերների։
Զարմանալի չի լինի, եթե Նիկոլն առաջիկայում ոչ ֆորմալ շփումներ ունենա նաև Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Բոլորի հետ առևտուր անելու, բոլորին-բոլորի դեմ հանելու, բոլորի խնդիրները խճճելու «վարպետը», արդյունքում բոլորին հանելու է Հայաստանի դեմ։ Այդպես եղավ նաև Արցախի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում՝ նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, որի արդյունքում Արցախը ռազմա-քաղաքական առումով մնաց մեն-մենակ թուրք-ադրբեջանական տեռորիստական պատերազմում։
Մեկ տարի անց, տարածաշրջանային գործընթացներից աստիճանաբար ակնհայտ է դառնում, որ իրավիճակի բերումով Հայաստանը կարող է շանսեր ունենալ վերականգնելու իր կարևոր դերակատարումը ռեգիոնալ պրոյեկտներում։ Բայց մեր կապիտուլյացված «իշխանությունը», հայտնի պատճառներով, մաքսիմալ բարոյալքված ու չգոյացած է միջազգային ասպարեզում։ Ափսոսանքով պետք է արձանագրենք, որ որպես պետություն՝ ոտքի կանգնելու, մեջքներս ուղղելու և արժանապատիվ ապրելու մեր միակ հնարավորությունը հենց այս օրերին փոշիացվում է։ Այն սկսվեց 2021թ հունիսի 20-ի ընտրություններից հետո։
ա) Նիկոլի իշխանությունը Հայաստանի կապիտուլյացիայի միակ հեղինակն է և օբյեկտիվորեն չի կարողանում դիմակայել թուրք-ադրբեջանական շարունակվող ագրեսիային։ Այսինքն չունի ոչ ռազմական, ոչ քաղաքական, ոչ էլ բարոյական ռեսուրսներ՝ դիմակայելու համար։
բ) 2018թ ապրիլի հայտնի իրադարձությունների արդյունքում, Հայաստանում սորոսախառը իշխանության բերված, առայժմ «ռուսոֆիլ» դարձած, դրսում անտիռուս խաղացող «Քաղպայմանագիրը», այլևս չունի ոչ մի արտաքին ուժի գործընկերային վստահություն։ Հետևաբար, բոլորը փորձելու են Նիկոլին պահել կարճ թոկի վրա՝ մաքսիմալ վերահսկելի, և օգտագործելու են որպես անվերապահ կատարածու։ Հատկապես Ռուսաստանն ու Թուրքիան։ Իսկ կարճ ժամանակ հետո՝ նաև Իրանն ու ԱՄՆ-ը։ Արդյունքում՝ Հայաստանն իր շահերով, տարածքներով ու զարգացման հեռանկարով դառնալու է աշխարհաքաղաքական մեծ առևտրի հաշիվը փակելու և բոլորին գոհացնելու միակ մանրադրամը»,- գրում է նա։