Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բազմիցս անդրադարձել ենք Կորյուն 23 հասցեում նախորդ տարի հրդեհից տուժած ընտանիքների խնդրին: Անտուն մնացած այս մարդկանց քաղաքապետարանը 8 ամիս վարձով ապրելու գումար էր հատկացրել: Սակայն այլեւս գումար չի տրամադրում, եւ մարդիկ օգոստոսի 20-ից մնացել են փողոցում:
57-ամյա Մելանյա Սարդարյանն ու նրա ամուսինն ապրում են իրենց այրված տան բակում, դրա պատճառով էլ կինը թոքաբորբով հիվանդացել է:
Ավելի վաղ քաղաքապետարանից հայտնում էին, թե Կորյուն 23-ում կառուցապատող ընկերություն արդեն կա եւ շուտով պետք է բանակցի տեղի բնակիչների հետ: Պարզելու համար, թե գործընթացը ո՞ր փուլում է, կապվեցինք Երեւանի քաղաքապետի մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանի հետ: Նա նշեց, որ կառուցապատողը ստացել է այդ տարածքն իրացնելու թույլտվությունը, եւ շուտով շինարարությունը կսկսվի: Իսկ թե ե՞րբ, ասաց, որ կոնկրետ ժամկետներ նշել չի կարող, քանի որ դա կախված է որոշակի ընթացակարգից:
Այսինքն` դեռեւս հայտնի չէ, թե կառուցապտողը ե՞րբ է սկսելու իր շինարարությունը, իսկ քաղաքապետարանն էլ չի շտապում դրսում մնացած մարդկանց խնդիրը լուծել:
Թոքաբորբով հիվանդ Մելանյա Սարդարյանը Շուշան Սարդարյանի բարեկամուհին է: Վերջինս տեղյակ չէր կնոջ հիվանդության մասին, թեեւ ասաց, որ պարբերաբար խոսում է Մելանյայի հետ: Իսկ հարցին, թե պատրաստվո՞ւմ են ինչ-որ կերպ աջակցել կնոջը, պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ լրագրողի խնդիրն է իմ բարեկամի հարցը լուծելը: Շնորհակալ եմ, որ ասում եք, ես ինքս կհետաքրքրվեմ»: