կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-14 15:40
Առանց Կատեգորիա

Եթե թատրոնը չունենա շենք, չի ունենա նաեւ ապագա

Եթե թատրոնը չունենա շենք, չի ունենա նաեւ ապագա

Համազգային թատրոնը շենք չունի: Եթե թատրոնը չունենա շենք, չի կարող ունենալ նաեւ ապագա. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանը:

Նա նշեց, որ թեեւ մշակույթը գեղեցիկ եւ մեծ երեւույթ է, սակայն վերին օղակներում այն գնահատողներ չկան, «իշխանության են անցել կիսագրագետները». «Երբ դիմում ես նախարարություն, պատասխանում են` ի՞նչ է, ժողովուրդը թատրոնի դռնե՞րն է ջարդում, որ շենք եք ուզում կառուցել»:

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքերով` կան մարդիկ, ովքեր պատրաստ են ներդրումներ կատարել` թատրոնի շենք կառուցելու համար, սակայն նախեառաջ պետք է դրա համար տարածք գնել: Ըստ նրա` քաղաքապետարանը պատրաստ է թույլտվություն տալ կառուցապատումը սկսելու համար, եթե համապատասխան հողատարածք լինի:

«Այսօր մեր կարեւորագույն խնդիրը տանիք չունենալն է, բայց  բոլորս էլ գիտակցում ենք, որ թատրոնը շենք չի կարող չունենալ: Ներկայումս այն Երեւանի Թատրոնի եւ կինոյի պատմության ինստիտուտի շենքում է գործում, որտեղ կա նաեւ ուսանողական թատրոն: Հանդիսատեսը շփոթության մեջ է ընկնում, այդ իսկ պատճառով մենք մեր կենսագրության տերն ամբողջապես չենք կարողանում լինել»,- իր մտահոգությունները հայտնեց թատրոնի տնօրենը:

Այս տարի Համազգային թատրոնը տոնելու է իր 20-ամյակը, այն հիմնադրվել է 1991-ին` Սոս Սարգսյանի կողմից: 20-ամյակին նվիրված թատերաշրջանը, որը մեկնարկելու է մյուս տարվա գարնանը, թատրոնը սկսելու է պրեմիերաներով:  Իսկ ներկայումս թատրոնը միջազգային ակտիվ համագործակցության մեջ է:

Հոկտեմբերի 1-ից գործելու է թատրոնի պաշտոնական կայքը` www.sostheatre.am, որի անվանումն էլ, թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի մեկնաբանությամբ, գալիս է ժողովրդի` «Սոսի թատրոնը» լայն տարածում գտած արտահայտությունից: