կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-16 17:17
Քաղաքական

Հերթը հասել է փեսաներին

Հերթը հասել է փեսաներին

Երեկ որոշ ԶԼՄ-ներում լուրեր տարածվեցին, թե անցած գիշեր ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքային վարչություն բերման են ենթարկել Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստեր նշանածին՝ Մարաշցի Արթուրին, ով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին է:

 

Տեղեկության հրապարակումից մի քանի ժամ անց որոշ ԶԼՄ-ների, նաեւ Yerkir.am-ի հետ զրույցում Աբրահամ Մանուկյանը վստահեցնում էր, թե որդին գիշերել է տանը, եւ որ իր որդուն բերման ենթարկելու մասին հրապարակումը հերյուրանք է: «Ի վերջո, կա ոստիկանություն, մի հատ զանգեք, ճշտեք»,- վստահ ուղորդել էր պատգամավորը:

 

Մինչեւ ԲՀԿ-ական պատգամավորը մատնացույց էր անում ոստիկանությանը, ոստիկանությունը չէր շտապում ո'չ հերքել, ո'չ էլ հաստատել լուրը: Ողջ օրվա ընթացքում մեր պարզ հարցին` Արթուր Մանուկյանին բերման ենթարկե՞լ են, թե՞ ոչ, ոստիկանության լրատվական ծառայությունից պատասխան չստացանք, հորդորում էին հետեւել իրենց կայքին, եւ միայն աշխատանքային օրվա վերջումն ոստիկանության պաշտոնական կայքում տեղեկությունը հաստատվեց:

 

«Հուլիսի 14-ին` ժամը 02.20-ի սահմաններում, Երեւանի Փափազյան փողոցից ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն բերման են ենթարկվել 1982 թ. ծնված Արթուր Մ.-ն՝ իր անձնական օգտագործման «Բենթլի» ավտոմեքենայով, 1986 թ. ծնված Վաչագան Ս.-ն, 1987 թ. ծնված Երվանդ Ս.-ն՝ «Միցուբիշի» ավտոմեքենայով: Վաչագան Ս.-ն եւ Երվանդ Ս.-ն ուղարկվել են ՀՀ ԱՆ նարկոլոգիական դիսպանսեր՝ փորձաքննության, իսկ նշված ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում նախապատրաստվում են նյութեր»,- ասված էր ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

 

Ոստիկանության հայտարարությունից հետո ո'չ Աբրահամ Մանուկյանի, ո'չ էլ Ներսես Նազարյանի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվում: Ուշագրավ է, որ Արթուրի` բերման ենթարկելու մասին տեղեկության հիմնական մեխը այնքան պատգամավորի որդին լինելը չէ, որքան Ներսես Նազարյանի փեսա լինելը: 

 

Մի ուշագրավ փաստ եւս` Աբրահամ Մանուկյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում վստահեցրել էր նաեւ, որ այս ամենը «ինչ-որ մարդիկ են դրդում»:

 

Քավ լիցի, որեւէ պաշտոնյայի որդու կամ փեսայի արդարացնել չենք պատրաստվում, չենք էլ ուզում կասկած հայտնել, թե Արթուր Մանուկյանին անմեղ տեղն են բերման ենթարկել: Բայց Ներսես Նազարյանի պաշտոնանկությունից հետո նրա եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, մեղմ ասած, ոչ այնքան ջերմ հարաբերությունները մտածելու տեղիք են տալիս. ինչու ոստիկանությունը հիշեց 31-ամյա Արթուրի վատ պահվածքի մասին, երբ նա դարձավ Ներսես Նազարյանի փեսան:

 

Ուշագրավ է, երբ այսօր Yerkir.am-ի թղթակիցը ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանից փորձեց մանրամասներ ճշտել Արթուրին բերման ենթարկելու մասին` թե ինչ պայմաններում է դա եղել, ինչպես է ոստիկանությունը պարզել, որն է բերման ենթարկելու պատճառը, նա հայտարարեց, որ տարածած հաղորդագրությունից ավելի ոչինչ չի կարող ասել: 

 

Եվ երբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին գովերգող լրատվամիջոցը գրում է, թե անհնար է ոստիկանության հետ հարցեր լուծել ծանոթի միջոցով, կոտրվել է այն կարծրատիպը, որ նախկին կամ ներկա պաշտոնյաների բարեկամները եւ նրանց բարեկամների բարեկամները ազատված են պատասխանատվությունից, ուղղորդված մոռանում է մի շատ կարեւոր փաստ մատնացույց անել, մի շատ կարեւոր հարցադրում անել` երբ: Նախկին կամ ներկա պաշտոնյաների բարեկամները եւ նրանց բարեկամների բարեկամները պատասխանատվության են ենթարկվում այն ժամանակ, երբ դա պետք է իշխանություններին կամ հենց նույն ոստիկանությանը, ոստիկանապետին:

 

Ագնեսա ԽԱՄՈՅԱՆ

 

Հ.Գ. Շատերի նման ոստիկանապետն էլ ամեն կերպ ցանկանում է առաջնորդվել երկրի նախագահի սկզբունքներով` անփոխարինելի պաշտոնյաներ չկան, նաեւ` մարդիկ (ինչու ոչ` նաեւ ընկերներ): Ոչ վաղ անցյալում Վլադիմիր Գասպարյանն, օրինակ, շատ հանգիստ ազատվեց իր սիրելի Դոգից... Իսկ թե հիմա ինչ են ուզում Երեւանի նախկին ոստիկանապետից, դժվար չէ գուշակել` գուցե բիզնես խնդիրնե՞ր կան...

Ա.Խ.