Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հրդեհից ինը ամիս անց մարդիկ դեռ փողոցներում են: Կորյուն 23 հասցեի բնակիչները մտածում են փողոցում նորից վրան ամրացնելու մասին: Նախորդ տարվա նոյեմբերի 24-ին հրդեհի պատճառով 14 տուն էր այրվել, մի մասը հարեւան-բարեկամի մոտ տեղափոխվեց, իսկ մի քանի ընտանիք էլ ձմռան ցրտին մեկ ամսից ավել փողոցում ամրացված վրանում էր ապրում մինչեւ Երեւանի ղեկավարությունը վերջապես տեղից շարժվեց ու գոնե ժամանակավորապես փորձեց հարցը լուծել: Տուն վարձակալելու գումար էր փոխանցվում քաղաքապետարանից, սակայն... Օգոստոսի 20-ին վերջացել է վարձակալության ժամկետը, իսկ քաղաքապետարանը ոչ գումար է փոխանցել, ոչ էլ կեցության խնդիրն է լուծվել: Մարդիկ նորից փողոցում են հայտնվել:
«Էս հրդեհից հետո իմ տղեն ընտանիքի հետ գնաց, որովհետեւ հնարավոր չէր էստեղ ապրել: Ռուսաստան գնացին: Ես ու ամուսինս ենք էստեղ, ապրելու տեղ չկա, բակում ենք քնում»,- պատմեց 57-ամյա Մելանյա Սարդարյանը, ով շաքարային դիաբետով հիվանդ է: Եղանակն էլ արդեն ցուրտ է, գիշերվա քամիները թոքաբորբի բուն են: Պատմում է, որ որդին ընտանիքով մոտ 6 տարի Ռուսաստանում է ապրելիս եղել, բայց վերադարձել էր, ցանկացել էր մնալ այստեղ, հրդեհից հետո պլանները փոխվեցին:
Տիկին Մելանյան պատմում է, որ իր երկու որդիներն էլ Արցախյան պատերազմի ազատամարտիկներ են: Երբ պատերազմից վիրավորված տուն են եկել, ինքն է իր ուժերով տղաներին բուժել, չի դիմել պետությանը, բայց հիմա պետության օգնության կարիքն ունի. «Արցախով հիմա հպարատանում են, բա էդ իմ տղերքն էին էդ կռվի մեջ: Հիմա նրանք էլ հիասթափված թողեցին, գնացին»:
Տիկին Մելանյան ամուսնու հետ ապրում է տան բակում` ծածկ են դրել: Իսկ խոհանցի տեղ ծառայում է հրդեհից քիչ թե շատ անվնաս մնացած նեղլիկ սենյակը, որի առաստաղն էլ կախված է, ամեն վայրկյան կարող է փլվել: Կինը պատմում է, որ չկան սանիտարահիգիենիկ տարրական պայմանները. «Գազի վրա մեկ ժամ ջուր եմ տաքացնում, որ գլուխս լվանամ: Բայց սա է՞ն թիվն է, որ գազի վրա ջուր տաքացնեն»:
Հրդեհից տուժած Արթուր Սարգսյանի հինգ հոգանոց ընտանիքն էլ օգոստոսի 20-ից հետո տեղափոխվել է իրենց այրված տնից քիչ թե շատ անվնաս մնացած մեկ սենյակը: Մի քիչ կարգի են բերել, ապրում են:
Մինչ այս, երկար ժամանակ չկար կառուցապատող, ում քաղաքապետարանը այդ տարածքի իրացման թույլտվությունը կտար: Այս իսկ պատճառով էլ Արթուրը եւ մյուս տուժողները պաշտոնական նամակով խնդրել են իրենց թույլտվություն տալ` այդ տարածքում իրենց տները վերակառուցել: Սակայն հունիսի 15-ին ստացել են Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի պատասխանը.
«Ներկայումս տվյալ տարածքի հնարավոր կառուցապատողի հետ տարվող բանակցություններն ավարտման փուլում են: Միաժամանակ քաղաքապետարանն արդեն մշակել է Կորյուն 23 բակի ընդհանուր տարածքի կառուցապատման սխեման: Առաջիկայում ներդրողի հետ կքննարկվի համապատասխան պայմանագիր, որում ամրագրված շինարարության եւ իրացման ժամկետների մասին Ձեզ կտեղեկացնենք լրացուցիչ»:
«Բայց դուք ո՞վ եք, որ իմ սեփականության վրա ինչ-որ բաներ եք ուզում կառուցել` առանց իմ համաձայնության: Միգուցե ես համաձայն չեմ, հողի սեփականատերը էսօր ես եմ: Կառուցապատողը թող գա մեզ հետ խոսի, տեսնենք ինչ է ասում»,- վրդովվում է Արթուրը ու նշում, որ դեռեւս ձայն-ծպտուն չկա այդ կառուցապատողից:
Օգոստոսի 12-ին քաղաքապետարանից վարձակալության համար գումար ստացող 9 ընտանիքները դիմել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանին: Նրա խորհրդով դիմում են գրել, որպեսզի գումար վճարելու ժամկետը երկարաձգվի, սակայն մինչ օրս այդ դիմումին պատասխան չի եկել:
Օգոստոսի 25-ին Արթուրը զանգել- ճշտել է, որ իրենց նամակը քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Վահե Նիկոյանի մոտ է: Վերջինիս քարտուղարուհին այդ օրը պատասխանել է, թե նա նիստի է, իսկ մեկ ժամ անց, թե արձակուրդ է գնացել. «Սեպտեմբերի մեկին պիտի գար արձակուրդից: Նորից զանգում ենք, թե համբերեք, տեսնենք`ինչ է լինում, ոնց է լինում: Էսօր էլ եմ զանգում, ասում է` երեք օրով գնացել է քաղաքից դուրս: Մարդիկ 20-րդ օրն է դրսում են, ինքը արձակուրդ է գնում: Փաստորեն` սենց խաբում են»:
Փորձեցինք հարցի վերաբերյալ պատասխան ստանալ նաեւ քաղաքապետարանից, Վ. Նիկոյանի հեռախոսահամարը չէր պատասխանում, իսկ քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը խոստացավ ճշտել հարցի մանրամասները եւ պատասխանել, սակայն դրանից հետո այլեւս չպատասխանեց մեր զանգին:
Դեռեւս հույս ունենք, որ խնդրին առաջիկա օրերին լուծում կտրվի:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ