կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-07 01:30
Սպորտ

Ֆանտաստիկ ֆուտբոլ` հայերի կատարմամբ (գոլերը տեսանյութում)

Ֆանտաստիկ ֆուտբոլ` հայերի կատարմամբ (գոլերը տեսանյութում)

Այսօր ականատես եղանք ֆանտաստիկ ֆուտբոլի` Եվրո-2012-ի Սլովակիա-Հայաստան դիմակայության շրջանակներում: 4-0` Սլովակիայի նման ընտրանու դեմ խաղում, սա լուրջ մարտահրավեր է: Մասնագետներն ու բուքմեյքերները կասկածանքով էին մոտենում մերոնց խաղին, սակայն տղաները կարողացան ապացուցել, որ կարգով և վարպետությամբ ավելի բարձր են մրցակցից:

1-ին խաղակեսում և 2-րդ խաղակեսի որոշ դրվագներում ևս  մրցավարն ամեն ինչ արեց Սլովակիայի հաղթանակի համար: Նա ոչինչ չէր տեսնում հօգուտ մեր ընտրանու, հրաշալիորեն չէր նշանակում 11 մետրանոց, եզրային մրցավարի ցույց տված անկյունայինն  անտեսում էր, իսկ մնացած խախտումների միայն մի մասն էր արձանագրում, իր սովորության համաձայն` շռայլ էր նաև դեղին քարտերի հարցում:  

Երբ մերոնք ըմբռնեցին այս իրավիճակը, խաղն ավելի լարված և կոպիտ երանգ ստացավ, սակայն 1-ին խաղակեսում ոչ մի որոշիչ գործողություն չգրանցվեց թիմերից և ոչ  մեկի կողմից: 57-րդ րոպեին հաշիվը բացված էր, Յուրա Մովսիսյանը շեշտակի հարվածով գրավեց մրցակցի դարպասը, որին անմիջապես հետևեց հակագրոհը: Մեր թիմի կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը սխալվեց, Բերեզովսկին նույնպես, սակայն թիմի  ավագ Սարգիս Հովսեփյանը հերոսաբար գնդակը հեռացրեց դաշտի սահմաններից:

Հայ երկրպագուների սեկտորը տնային խաղի տպավորություն էր ստեղծել: Եվ ինչ է անում Մխիթարյանը միայնակ, փայլուն մշակում և գոլ հանդիպման 70-րդ րոպեին, որին անմիջապես հետևեց հակագրոհը, սակայն Բերեզովսկին հրաշալի գործեց: Հարկ է նշել, որ շատ կոպիտ էր խաղում հակառակորդը, սակայն դա նրանց չփրկեց անցյալը վերհիշելուց:  80-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը դարձավ փայլուն գոլի հեղինակ:  Ավելացված ժամանակում Մխիթարյանի անդրադարձից հետո Արթուր Սարկիսովը խփեց իր առաջին գոլը Հայաստանի հավաքականի կազմում:

 4:0 անհավանական արդյունք՝ մեծ գովասանքի են արժանի մեր տղաները. խաղալ և հաղթել միանգամից 3 պայմանների բացակայության դեպքում՝ արդար դատ, տնային խաղ, երկրպագուներ, և այդ ամենին հակառակ` 14 միավոր: Բրավո՛ Հայաստան: Չնայած բազմաթիվ վնասվածքներին` մեր ընտրանին անձնատուր չեղավ և ինքնամոռաց պայքարեց հաղթանակի, այն էլ ինչ հաղթանակի համար:

Մեր հավաքականը բաց չթողեց իր միակ հնարավորությունը և այժմ 3-րդ տեղում է` զիջելով Ռուսաստանին (17) և Իռլանդիային (15): Իսկ առջևում Մակեդոնիայի դեմ հանդիպումն է:  Եվրո-2012-ի եզրափակչի ուղեգիրն արդեն շոշափելի է, և մենք պայքարելու ենք առնվազն 2-րդ տեղով դուրս գալու համար:

Անի Մեջլումյան