Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլայնն ընդունել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Յաստրեբչակին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին, ովքեր Ստեփանակերտ են ժամանել ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված հոբելյանական տոնակատարություններին մասնակցելու նպատակով։
Ինչպես հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակություն հայտնեց նրանց այցի եւ տոնական միջոցառումներին մասնակցության կապակցությամբ։
«Մեր փոխադարձ այցերը,- ասաց նա,- եւս մեկ ցայտուն վկայություն են երկու երկրների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության միջեւ հաստատված ջերմ հարաբերությունների մասին։ Կարծում եմ, որ տարածական հեռավորությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ մեր ավելի հաճախակի շփումների, ինչու չէ՝ նաեւ գործնական կապերի համար»։
Ի պատասխան շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՄՄՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց. «ՄՄՀ եւ ԼՂՀ հռչակման տարեդարձերը համաժամանակ՝ նույն օրն են նշվում, եւ դա երեւի նրանից է նաեւ, որ նույնն են մեր ժողովուրդների ճակատագրերը, ազատության եւ անկախության իղձերն ու նպատակները»։
Հանդիպման ավարտին պատվիրակության ղեկավարը, ի կատարումն ՄՄՀ նախագահի հանձնարարականի, Աշոտ Ղուլյանին հանձնեց Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության 20-ամյակին նվիրված մեդալ։ ԱԺ նախագահը, իր հերթին, Արցախի իշխանությունների անունից ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված հուշամեդալներ հանձնեց բարձրաստիճան հյուրերին։