Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակին: Հանրապետության Նախագահը, ողջունելով հյուրին մեր երկրում և նշելով, որ սա Բոսնիա և Հերցեգովինայից բարձրաստիճան առաջին այցն է Հայաստան, այն լավ առիթ է համարել անդրադառնալու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու արդյունավետ համագործակցության ձևավորմանը: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նման փոխայցերը հնարավորություն կստեղծեն լրացնելու այն բացը, որ ակտիվ քաղաքական երկխոսության բացակայության պայմաններում առաջացել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 20 տարիների ընթացքում:
Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Բոսնիա և Հերցեգովինայի հետ բարեկամության, փոխադարձ վստահության և գործընկերության վրա հիմնված հարաբերությունները:
Արտգործնախարար Ցրնադակը նշել է, որ շատ ուրախ է գլխավորելու իր երկրից Հայաստան ժամանած բարձրաստիճան պաշտոնական պատվիրակությունը և ընդգծել է, որ կցանկանար, որպեսզի այս այցը դիտարկվի որպես հստակ քայլ և ուղերձ առ այն, որ իր երկիրը ցանկանում է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Իգոր Ցրնադակը շեշտել է, որ երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններն ու բարեկամական կապերը զարգացնելու համար չկա որևէ խնդիր: Նա հույս է հայտնել, որ իր այցի արդյունքներով նոր գլուխ կբացվի երկկողմ հարաբերություններում:
Նախարարը Հանրապետության Նախագահին ներկայացրել է իր երկրի արտաքին քաղաքականության հիմնադրույթները, տարբեր ուղղություններով զարգացման հեռանկարները, ինչպես նաև հետաքրքրվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա վիճակով և զարգացումներով՝ ընդգծելով, որ Բոսնիա և Հերցեգովինան շարունակում է մեծ հետաքրքրությամբ հետևել տարածաշրջանի զարգացումներին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Նախագահ Սարգսյանը հյուրի խնդրանքով ներկայացրել է հայկական կողմի մոտեցումները:
Արտգործնախարար Ցրնադակն ընդգծել է, որ Բոսնիա և Հերցեգովինան կարևորում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն ու աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: