|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Իի գլխավորած պատվիրակությանը:
Բարի գալուստ մաղթելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ վերջին շրջանում բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվ փոխայցելությունները նպաստում են երկու երկների միջև բարեկամության, փոխվստահության ու հարգանքի վրա հիմնված հարաբերությունների խորացմանը: «Մեր ժողովուրդների միջև բարեկամությունը չի սկսվել 1992 թվականին երկու երկրների միջև դիվանագիտական և միջպատական հարաբերությունների հաստատման փաստաթղթով, մեր ժողովուրդները դարերի ու հազարամյակների բարեկամական համագործակցության պատմություն ունեն»,-նշել է նախագահ Սարգսյանը՝ ավելացնելով, որ երկու ժողովուրդները հաջողությամբ համագործակցել են դեռ Մետաքսի ճանապարհի ժամանակաշրջանում:
Նախարար Վան Ին ընդգծել է, որ մեծ է հայ ժողովրդի ներդրումը մարդկային քաղաքակրթության պատմության մեջ: «Մետաքսի մեծ ճանապարհը դեռևս դարեր առաջ միավորել է մեր երկու ժողովուրդներին: Հայ և չինացի ժողովուրդները միմյանց վերաբերվում են փոխադարձ հարգանքով ու համակրանքով, և մեր երկկողմ հարաբերությունները հաստատուն կերպով զարգանում են»,- նշել է Չինաստանի արտգործնախարարը: Նա նաև նախագահ Սարգսյանին է փոխանցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի բարեմաղթանքները:
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու բարեկամ երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում փոխգործակցության զարգացմանը:
Երկուստեք համաձայնել են, որ հայ-չինական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են և ունեն ընդլայնման լավ հեռանկար: