|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Օրերս հերթական տհաճ դրսեւորումն արձանագրվեց հայ-վրացական հարաբերություններում: Ադրբեջանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Բաթումում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ սփյուռքի հարցերով Վրաստանի պետնախարար Միրզա Դավիթայան միանշանակ հայտարարեց, որ Վրաստանը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ հանդես է գալիս «ադրբեջանական օկուպացված տարածքների ազատագրման դիրքորոշմամբ»:
Վրացական բավական բարձրաստիճան պետական պաշտոնյայի այսպիսի հայտարարությունը, գրեթե ինչպես միշտ, առ այսօր չի արժանացել համապատասխան պաշտոնական գնահատականի Հայաստանի իշխանությունների կողմից:
Արձագանք եղավ միայն Ռուսաստանում ջավախահայերին ներկայացնող կազմակերպության անունից, որը պետնախարարի հայտարարությունը գնահատեց որպես հայ-վրացական հարաբերություններին վնասող:
Ընդհանրապես Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Վրաստան կատարած այցից հետո հայ-վրացական հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում՝ վրացիների կողմից ընդգծված հակահայկական դրսեւորումներով: Մեկ հարձակվում են հայկական եկեղեցու վրա, մեկ ադրբեջանամետ հայտարարություն անում, իսկ Վրաստանի դպրոցներում հայերենի նկատմամբ բացահայտ խտրականության դրսեւորումներն արդեն կենցաղային օրինաչափության են վերածվել:
Մինչդեռ պաշտոնական Երեւանը լռում է: Որովհետեւ հայ-վրացական հարաբերություններում հայկական կողմի դիրքորոշումը հիմնականում կառուցված է հավերժ բարեկամության մասին ճառերի եւ կենացների վրա: